ՀԱԿ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Գևորգյանն Ազգային անվտանգության ծառայություն հաղորդում է ներկայացրել՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նրա եղբայր Ջոնիկ Աբրահամյանի և ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի կողմից իրեն ունեզրկելու վերաբերյալ։ ԱԱԾ-ն նյութերն ուղարկել է Ոստիկանության 6-րդ վարչություն, որտեղ ներկայումս նյութեր են նախապատրաստվում։

Գևորգ Գևորգյանը, ով 2000 թվականին հիմնադրելելով «Ավազահատիկ» ՍՊԸ-ն, Արարատի մարզի Նորամարգ համայնքում վարձակալած տարածքում սկսել է հանքարդյունաբերությամբ զբաղվել, 1in.am-ին տված հարցազրույցում ներկայացրել է այն պատճառները, որոնք Հովիկ Աբրահամյանին ու Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին հանել էին իր ընկերության դեմ. «Բանն այն է, որ «Ավազահատիկ» ՍՊԸ-ի գործունեությունն իրականացվում էր սահմանային 3-րդ ուղեկալում, իսկ Աբրահամյանների ընտանիքին պատկանող և դարձյալ հանքարդյունաբերությամբ զբաղվող «Հովհան» ՍՊԸ-ն տեղակայված էր հարևան 4-րդ ուղեկալում: Աբրահամյանները նպատակ ունեին միավորել երկու հանքերը՝ իբրև իրենց սեփականություն»:

Գևորգյանի վստահեցմամբ՝ 2006 թվականի դեկտեմբերից նրանք ամեն կերպ խոչընդոտում էին ընկերության գործունեությանը՝ նպատակադրված լինելով կասեցնել «Ավազահատիկ» ՍՊԸ-ի գործունեությունը, ինչը և մեկ տարի անց դարձել է իրականություն։ «2007-ի նոյեմբերի 1-ին Արարատի մարզի հարկայինի օպերատիվ աշխատակիցները ներխուժեցին ՍՊԸ-ի տարածք և ստուգումներ իրականացրին: Նշանակվեց երկու միլիոն դրամի չափով տուգանք, որը վճարվեց: Նոյեմբերի 10-ին հարկային տեսուչների ավելի մեծ խումբ «հյուր եկավ», որից հետո ՍՊԸ-ի նկատմամբ քրեական գործ հարուցվեց: Նորամարգ համայնքի ղեկավարությունն առանց որևէ հիմքի «Ավազահատիկ» ՍՊԸ-ի հետ ունեցած պայմանագիրը կասեցնելու որոշում կայացրեց: Ավելի ուշ մարզպետարանի կողմից համայնքի ղեկավարությանը հրահանգ իջեցվեց՝ դատական կարգով չեղյալ համարել վարձակալության պայմանագիրը: ՍՊԸ-ի ղեկավարությունը իր հերթին դիմեց վարչական դատարան և շահեց դատը: Սակայն ՍՊԸ-ի բնականոն գործունեության վերականգնմանը դա էլ չօգնեց», -ասել է Գևորգյանը:

Նրա խոսքով՝ հենց այդ ժամանակ իրեն զանգել է Հովիկ Աբրահամյանի վարորդը՝ հայտնի Գոքորը, և ասել, որ Հովիկ Աբրահամյանը ուզում է տեսնել իրեն։ Բաղրամյան 26-ում Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս առաջարկել է խնդիրը լուծել իր առաջարկած տարբերակով՝ «Ավազահատիկ» ՍՊԸ-ի բաժնեմասի 30 տոկոսն իրեն տրամադրել, 30-ը՝ Ալիկ Սարգսյանին, 40-նն էլ թողնել սեփականատիրոջը՝ այսինքն Գևորգ Գևորգյանին։ Տարբերակը, որն առաջարկվել էր Գևորգյանին, վերջինիս կողմից ընդունվել է, սակայն մի քանի ամիս անց ընկերության նրան պատկանող մասն էլ են խլել:

Իրավական ճանապարհով իրեն պատկանածը վերադարձնելու փորձ Գևորգյանը նախկին իշխանությունների օրոք չի արել, քանի որ արդարադատության հույս չի ունեցել, իսկ հիմա, երբ երկրում իրավիճակ է փոխվել, որոշել է եղելության մանրամասները հայտնել իրավապահներին:

Ինչպես երևում է՝ Ալիկ Սարգսյանի գլխին կուտակված սև ամպերը ցրվելու ոչ մտադրություն, ոչ էլ հավանականություն ունեն: