Ամեն անգամ ուկրաինական «բանդեռլոգների» ամենաջերմ պաշտպան, չգիտես իր ո՛ր մեղքի համար կինոռեժիսոր հռչակված ու «Երևան» ստուդիան անդազահան արած Տիգրան Խզմալյանը պարտադիր հրապարակավ հիշեցնում է «Ռուսաստանի դերը» ցանկացած «սև» գործում: Իսկ երբ Ռուսաստանը չի մասնակցում որևէ «սև գործի», ապա այդ դեպքում էլ այդ չմասնակցելն է համարում դավաճանություն «սև գործն» անողի դեմ:

Հա՛, կենտրոնացման մոլուցք ունեցողներին հատուկ է նման կարճ ու կոնկրետ դիապազոնով երևակայությունը: Այս առթիվ մի անեկդոտ ձեզ ներկայացնեմ: Հավաքարարին հանելուկ են առաջարկում. «Այնի՜նչն է, այնի՛նչը՝ ձմեռ ու ամառ մշտադալար է, ամեն Նոր տարի բոլորիս հյուրն է»: Հավաքարարն անմիջապես պատասխանում է. «Ա՛-վելը»: «Չեղավ, -հառաչում է հարցնողը, -եղևնին է: Մյո՛ւս հանելուկը. «Այնինչն է, այնինչը՝ առավոտից իրիկուն ժրաջան աշխատում է, բայց իրեն խանգարեցիր՝ տեղում խայթում է»: «Ա՛-վելը», -նորից պատասխանում է հավաքարարը: «Է հետո՞, -լրիվ հուսահատված՝ արձագանքում է հարցնողը: -Մեղուն է: Երրոր՛դ հանելուկը: Այնինիչն է, այնինչը՝ ծառից ծառ է թռչում, բանան է ուտում, մարդն էլ դրանից է առաջացել»… Հավաքարարը երկար մտորման մեջ ընկնելուց հետո պատասխանում է. «Հանձնվում եմ. էս մեկը չգտա: Ի՞նչն է»… «Ո՜նց թե ինչն է, անխիղճ, կա՛-պիկն է»: «Ես էլ մտածում եմ՝ ավելը ոնց ա ծառից ծառ թռչում», -թեթևացածի հոգոց հանելով՝ պատասխանում է հավաքարարը…

…Մե՛ր «հավաքարարն» էլ այսօր Տիգրան Խզմալյանն է, որ, հանց մոլեռանդ «բանահավաք», հավաքում է ամեն բան ու ամեն… «զիբիլ», ինչը ռուս ու Ռուսաստան է շատ թունդ անվանարկում: Որտեղ ցունամի՝ մեղավորը Ռուսաստանն է, որտեղ փոթորիկ՝ էլի՛ Ռուսաստանը: Քոչարյանին չէին բռնում՝ մեղավորը Ռուսաստանն էր, քանզի ինքն էր խանգարում ու թույլ չէր տալիս՝ բռնեն: Քոչարյանին բռնեցին՝ էլի՛ մեղավորը Ռուսաստանն է, քանզի դավաճանեց Ռոբերտ Քոչարյանին ու տեր չկանգնեց…

Ռուսատյացների ցուցակում Խզմալյանն արդեն Մակկեյնին ու Մակֆոլին շրջանցել, առաջին հորիզոնականում է իր տեղը գրավել:

Ի՛նչ ասեմ, կամ արևմտյան գրանտով գերսնվելն է իրեն էս օրը գցել, կամ` ռուսական գրանտով: Հա՛-հա՛, ինչո՞ւ չէ, հենց ռուսակա՛ն գրանտով: Որքան շատ ընդգծված ռուսատյացի կեցվածք ունես, այնքան քիչ կհավատան, որ «ռուսատյաց» չես: Ոնց որ երեխեքը, ովքեր ստելիս միշտ ինչ են ասո՞ւմ:

Կեցցե՛ք, կռահեցիք, «ճի՜-իշտ եմ ասում» են ասում: Միայն թե «ռուսատյաց» այս «կինոռեժիսորը» ո՛չ երեխա է, ո՛չ ռուսատյաց է, ո՛չ էլ ռեժիսոր. «հավաքարա՛ր» է…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ