Հայտարարման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու համար մեղադրանք է առաջադրվել տնային տնտեսուհի Ռուզաննա Բեգլարյանին։ Այստեղ անտրամաբանական ոչինչ չկա, եթե հստակեցնենք, որ վերջինս Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կինն է, ում միլիոնների մասին դեռ խոսում են ՀՀ զարմացած քաղաքացիները:

Պարզվում է, որ թաքնված միլիոնատիրուհին կամ միլիարդատիրուհին (անվանեք ով ինչպես կկամենա), հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ Վաչագան Ղազարյանի ընտանիքի կազմի մեջ մտնող անձ, թաքցրել է ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է։ Վերջինս 3 տարի անընդմեջ՝ 2014, 2015 և 2016 թվականներին, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել միևնույն հայտարարագիրը միևնույն անփոփոխ ու կայուն դրամական միջոցներով՝ 25․ 000․000 ՀՀ դրամ, 29․000 ԱՄՆ դոլար և 17․400 եվրո:

Շատերը կնկատեն՝ չաշխատող կնոջ համար լավ էլ պատկառելի գումարներ են, բայց արի ու տես, որ այս թվերը չեն արտացոլում հարստության իրական ծավալները։ Ավելին՝ դրամական միջոցների չափի մասին իրական տվյալները թաքցնելու պատճառով չի հայտարարագրվել 350.817․000 ՀՀ դրամ և հաշվետու ժամանակահատվածում Բեգլարյանի գույքի ավելացումը էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները, հետևաբար վերջինս ապօրինի հարստացել է:

Ինչպես ասում են՝ «գետի բերածը գետն էլ կտանի», ու ազնվությունն էլ հանգիստ քնի գրավականն է, որ ոչ մի բանի հետ չես փոխի։ Շատ հնարավոր է, որ վերջին մեկ ամսվա հոգեկան ծանր ապրումները Ղազարյան ամուսիններին համոզեն ժողովրդական խոսքի ճշմարտացիության մեջ և վերջիններս սովորեն ազնիվ ու հալալ վաստակով ապրել։ Թեպետ այլընտրանք չի մնում, քան համակերպվել երկրում իրականացվող «ռեֆորմների» հետ ու ապրել օրենքի տառին համահունչ։ Ինչևէ՝ Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Իսկ նախաքննությունը շարունակվում է:

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ