Ըստ իսպանական Gazzetta dello Sport-ի, Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը հայտնել է թիմից հեռանալու ցանկության մասին: Նախօրեին 32-ամյա ֆուտբոլիստը պետք է միանար «սերուցքայիններին» ու մասնակցեր առավոտյան մարզմանը, սակայն նա չի ներկայացել:

Մոդրիչի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է իտալական «Ինտերը», որը նաեւ բանակցել է նրա գործակալի հետ: Ավելի վաղ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր, որ եթե «Ինտերը» ցանկանում է ձեռք բերել Լուկա Մոդրիչին, ապա պետք է վճարի 750 միլիոն եվրո: Իհարկե սա չափազանց բարձր գին է, ու սովորաբար նման թվերը բարձրաձայնվում են նրա համար, որ օրորոցի մեջ խեղդվի դիմացի կողմի ախորժակը: Ինչպիսին կլինի «Ինտերի» պատասխանը, դժվար է ասել, բայց որ այստեղ են հանդես գալիս Մոդրիչի մեծ թվով հայրենակիցներ (Իվան Պերիշիչ, Մարցելո Բրոզովիչ, Շիմե Վրսալկո) նրան դեպի այդ թիմը կողմնորոշելու մեջ չեն կարող էական դեր չխաղալ:

Մոդրիչը 2012 թվականից է հանդես գալիս «արքայական» ակումբում: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականը, իսկ տարեկան աշխատավարձը կազմում է 10 միլիոն եվրո: Նախորդ մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում անցկացրել է 43 հանդիպում, դարձել 2 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: Ռուսաստանում այս ամռանն անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Մոդրիչը Խորվաթիայի հավաքականին օգնել է դառնալ փոխչեմպիոն՝ ճանաչվելով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:

Սոնա ԳԻՇՅԱՆ