-Քոչարյանին պաշտպանողները անտեղի փորձում են իրենց տղու տեղ դնել, իբր իրենց կամանդիրին չեն գցելու։ Բայց այդ կամանդիրը իրենց վաղուց վարի է տվել, -«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի նախկին անդամ, գործարար Աշոտ Աղաբաբյանը:

Այո, 41 պատգամավորի սրտացավություն արտահայտող ստորագրությունները վկայում են կուսակցության լրջագույն մտահոգության մասին, որ նման «ազնվագույն» մարդուն «սուտ ու փուտ» մեղադրանքներով ստիպում են անքուն գիշերներ լուսացնել բանտախցի խոնավության մեջ։ Իհարկե, մտահոգություն թե մտավախություն՝ դեռ պետք է պարզել, բայց որ ՀՀԿ-ի կականն արդեն թատերական դրսևորումներ է ստանում, հասկանալի է անգամ ՀՀ հպարտ երեխաներին:

Անկասկած, թատերական մենախոսությունների ամբողջ պատասխանատվությունը դրված է իրեն գրականության ու արվեստի հզոր գիտակ երևակայող Արմեն Աշոտյանի վրա, ում չեն վհատեցնում հասարակության «բարոյական ճնշումներն» ու բազմաբովանդակ մեկնաբանությունները։ Այս լուսապայծառ ճակատով գործիչը համոզված է, որ ինքը ՀՀԿ-ի ազնիվ գաղափարների միակ քարոզիչն է և պատրաստ է մինչև վերջին շունչը պայքարել «հանուն վսեմի և արդարի» ու թքած, որ ներկան ժխտում է իրենց «վսեմն ու արդարը»: Կարևորը՝ «պատմությունը կտա ամեն հարցի պատասխան»: Չնայած, պատմության վերաբերյալ էլ միանշանակ կարծիք հայտնել չի կարելի՝ չմոռանանք, որ մեր պատմիչներից շատերը հովանավորվում էին այս կամ այն իշխանիկի կողմից, և պատմական իրադարձությունները գրի էին առնվում հենց տվյալ իշխանիկի ազգային ու քաղաքական հայացքներին ադապտացված։ Ինչևէ, Աշոտյանի քաղաքական մկրտությունը կատարվել է հենց ՀՀԿ-ում, ուստի վերջինս պայքարում է անձնվեր ու հավատարիմ՝ երազելով երբեմնի լավ օրերի մասին:

Աշոտյանի կողքին չեմ ուզում նսեմացնել Քոչարյանի ազատության համար պայքարող Շարմազանովի ջանքերը, ով իր պարտքն է համարում ժամանակ առ ժամանակ հարցազրույցների և ասուլիսների միջոցով հստակեցնել իրենց, մեղմ ասած, «բացասական» վերաբերմունքը Հայաստանի 2-րդ նախագահի շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ։ Հատկապես պարզ է դառնում, որ ԱԺ-ի փոխխոսնակը շատ է վախենում արտաքին մարտահրավերներից և կոչ է անում նորանշանակ իշխանություններին վեր լինել վրեժխնդրությունից։ Եթե վերացարկվենք նրա հորինովի վախերից ու վերծանենք վերջինիս մեսիջները, դժվար չէ տեսնել տողատակը՝ թողեք հանգիստ վայելեն ժողովրդից թալանածը, հանգստանան սեփական կղզիներում, կարևորը իշխանությունը զիջել են ձեզ (թեև ոչ մի զիջում էլ չի եղել, ժողովուրդը ազատագրել է երկիրը բռնազավթած քրեա-օլիգարխիկ համակարգից):

Ակնհայտ է, որ Շարմազանով-Աշոտյան քաղաքական տանդեմը փորձում է Ռոբերտ Քոչարյանին քաղաքական հետապնդման զոհ ներկայացնել և մինչև քննության ավարտը դեռ կշարունակվի վերջիններիս կողմից բեմադրված բազմասերիանոց դրաման, որի գործող անձերը ստորագրահավաքին միացած դեռևս անհայտ պատգամավորներն են։ Բայց միանշանակ է՝ այսօրինակ «անհանգստության» հիմքերը անհապաղ պետք է ստուգել՝ ի նպաստ արդարության ու բանտախցում մենությունից հոգնած Ռոբերտ Քոչարյանի:

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ