Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 61 կգ քաշայինների եզրափակչում հայ ըմբիշ Վազգեն Թեւանյանը բարձր պահեց Հայաստանի պատիվը: Ազերի Ինտիհամ Վալիզադեի նկատմամբ 5:2 հաշվով հաղթանակը մեր ըմբիշին բերեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի կոչում: Նախօրեին Վազգեն Թեւանյանը 2 հաղթանակով (7:1, 12:0) մեկնարկելուց հետո դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ 8:1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ֆրանսիան ներկայացնող Արման Էլոյանի նկատմամբ:

Թիմակցի հաջողությունը նույնությամբ կրկնել է Հովհաննես Մաղաքյանը: 125 կգ կշռող հսկան համառ պայքարում պարտության է մատնել ուկրաինացի Յուրի Իդզինսկուն՝ Հայաստանի ընտրանուն բերելով թվով երրորդ ոսկե մեդալը:

Հիշեցնենք, որ նախօրեին աշխարհամասի երիտասարդական չեմպիոնի տիտղոսին էր արժանացել 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը: Ցավոք բրոնզե մեդալների համար պայքարում անհաջողության են մատնվել Հրայր Ալիխանյանն (74 կգ) ու Մհեր Մարկոսյանը (86 կգ), ովքեր չեն կարողացել կրկնել Գեղամ Գալստյանին (65 կգ) ու Արման Անդրեասյանին (70 կգ): 

Ամփոփելով՝ ուրախությամբ հավելենք, որ 1 ոսկե եւ 4 բրոնզե մեդալ նվաճած հունահռոմեական ոճի մեր ըմբիշներին նրանց ազատոճային գործընկերները գերազանց պատասխան տվեցին:

Սոնա ԳԻՇՅԱՆ