Հայոց նորօրյա Դավիթ Բեկը

«Սուրիկ Խաչատրյանը շատ լավ կառավարիչ է եղել և Սյունիքի մարզում շատ կարևոր կառավարչական գործ է կատարել ժամանակին, հատկապես Արցախյան և Ապրիլյան պատերազմի ժամանակ: Ես գտնում եմ, որ Սուրիկ Խաչատրյանը շատ խելացի մարդ է և կկարողանա խելացի ձևով օրենքի շրջանակում իր կատարած քայլերի համար պատասխան տալ»:

Վոլոդյա Հովհաննիսյան, Սյունիքի նախկին մարզպետ
Լիսկա-Սուրիկ Խաչատրյանի նախկին խորհրդական

Իր երբեմնի ղեկավարին տված գնահատականի մեջ նրա փառապանծ խորհրդական Վոլոդյա Հ.-ն անշուշտ պիտի անուշադրության մատներ մարզում եղած անօրենություններն ու կամայականությունները, Լիսկայի տոհմի ու մերձակա շրջապատի ամենաթողությունները, քրեական հանցագործություններ անելն ու անպատիժ մնալը, չորս կողմը սփռած մաուզերիստական ահն ու սարսափը, հուսահատությունից ու անզորությունից մարդկանց մարզը լքելու փաստը ու պիտի ծանրանար իր փառապանծ շեֆի իրականացրած գլխավորի վրա՝ Լևոնի, Ռոբերտի, Սերժի հակահայկական իշխանության վերարտադրությանն ուղղված ջանքերի:

Լիսկայի կիսալուսինը հատկապես փայլել է Արցախյան պատերազմի օրերին: Նա կառավարչական շատ կարևոր գործեր էր կատարում՝ ձեռքի հետ ոչ պակաս կարևորելով պատերազմող բանակի թալանի վերահսկումն ու ճիշտ տեղաբաշխումը: Այո, նա փառահեղ էր տիրապետում օրենքի շրջանակներից դուրս գործելաոճին ու դրանք հմտորեն ի սպաս դնում ոչ միայն անձնական հարստացմանը, այլև վերևների քաղցր հայացքն ապահովելուն: Արդյունքում՝ գողոնի բամապատկում, ապօրինի հարստացում, ընդլայնվող վայելքներ, բռնարարքներ ու բռնաբարություններ, տրաք-տրաքոցներ, կրակ-կրակոցներ ու, ամենակարևորը… մարսողության հետ ոչ մի խնդիր:

Մի խոսքով Լիսկա-Սուրիկ Խաչատրյանը որպես շատ խելացի մարդ ամեն օր և ամեն ժամ ոչ միայն խախտել է տասը պատվիրանները, այլև պարտադրված է եղել խախտել ու հենց այդ պարտադրված լինելն  է Տիրոջ առջև նրա ամենազորեղ փաստարկը:

Վոլոդյա Հովհաննիսյան խորհրդականն իր Լիսկա տիրոջ ունեցած մեղքերի գիտակցումը բնականաբար չունի, քանզի նրա մտքի սավառնումներում Սուրի Խաչատրյան մարդը, ում ողբն է անում ՀՀ քրեական օրենսգիրքը, ոչ այլ ոք է, եթե ոչ Սյունիքի հողից սերված մի նոր Դավիթ Բեկ: Մի կողմ եմ դնում երանելի հերոսի հետ Վոլոդյա Հովհաննիսյանի ու առավել ևս Սուրիկ Խաչատրյանի հանդիպումն այն աշխարհում, այդ հանդիպմանը հետևելիք ստորացումները մեր ոչ բարով ժամանակակիցների, սակայն չեմ կարող չդիմանալ գայթակղության ու չհարցնել՝ Վոլոդյան Հ., հավատո՞ւմ ես արդյոք դիվային մտքերիդ ու խառնակիչ փաստարկներիդ, թե անմեղսունակություն հաստատող գիր ունես գրպանումդ: Պարզաբանիր, պաղատում եմ…