Մինչ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ կալանքի տակ, մեր երկրի քաղաքական դաշտում հետաքրքիր վերադասավորումներ են ընթանում։ Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելուն քաղաքական ուժերից առաջինը ձեռնամուխ եղավ ՀՀԿ-ն՝ ի պաշտպանություն Քոչարյանի ստորագրահավաք նախաձեռնելով։ Կարճ ժամանակ անց ոչ այդքան անթաքույց Քոչարյանի պաշտպանների շարքը համալրեց ՀՅԴ-ն։

Ինչու ոչ անթաքույց:

Ոչ անթաքույց, քանի որ կուսակցության հրապարակած հայտարարությունից հետո ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը պարզաբանել էր՝ ՀՅ Դաշնակցությունը որևէ մեկի, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի դերը ստանձնելու ցանկություն չունի։ Բայց՝ մի կողմից հայտարարության առանցքը հանդիսացող տողերը՝ «Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է և կարող է մեկնաբանվել՝ որպես քաղաքական հալածանք», մյուս կողմից՝ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու պահանջի տակ նաև դաշնակցական գործիչների դրած ստորագրությունները, կարծես, այլ բան են ասում։

Ճիշտ է, թե ովքեր են այդ 45 պատգամավորները, որոնք գրավոր կերպով՝ ստորագրությամբ, պաշտպան են կանգնել Ռ. Քոչարյանին, և որոնց մասին արդեն քանի օր է խոսվում ու գրվում է, դեռ անուն առ անուն հայտնի չեն, բայց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն անձամբ հավաստել է՝ ստորագրաթերթիկում կան նաև դաշնակցական պատգամավորների ստորագրություններ։ «Ստորագրել են Արա Բաբլոյանը, ԱԺ երկու փոխնախագահները: Ստորագրաթերթիկը ամփոփված է, ես կարող եմ ասել, որ ճնշող մեծամասնությունը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն են: Ինչ-որ մի օր կհրապարակեմ նրանց անունները։ Զուտ էթիկական տեսանկյունից պատգամավորների հետ պետք է համաձայնեցնեմ, որ նրանք թույլ են տալիս իրենց անուններն ասեմ, թեև ոչ մի գաղտնի բան չկա: Ասեմ, որ Դաշնակցությունից էլ ստորագրություններ կան», -երեկ լրագրողների հետ զրույցում ասել է Սողոմոնյանը։

Եթե անկեղծ, ապա Քոչարյանի պաշտպանելու հարցում ՀՅԴ-ն այլընտանք չունի էլ, քանի որ ժամանակին նա այդ ուժի հովանոցն է եղել, և որքան էլ դաշնակցականները ստիպված էին մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնել, այնուամենանիվ, ներկա ժամանակները նրանց համար քոչարյանական «առատ ու երանելի» ժամանակների հետ համեմատվել չեն կարող։ Իշխանական ափսեի մի մասի տերը լինելուց հետո փշրանքներով բավարարվելը, համաձայնեք, դժվար բան է։ Գուցե բացի ընդհանուր շահեր ունենալուց, նաև ընդհանուր վախեր ունեն ՀՅԴ-ն ու Քոչարյանը, ինչով էլ կարող է պայմանավորված լինել դաշնակցականների՝ Քոչարյանի հանդեպ գործ հարուցելու վտանգավորությունը տարբեր «հիմնավորումներով» հաստատելու փութաջանությունը (մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ զորակցություն է հայտնել Քոչարյանին)։

«ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն որևէ անպատեհություն չի տեսնում, որ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորները միանան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին։ Այս մոտեցումը մեր հայտարարության տրամաբանության համատեքստում է։ Մարտի 1-ի, 2-ի գործը պետք է բացահայտվի ամբողջությամբ՝ օբյեկտիվ, անաչառ և համակողմանի քննությամբ, այդ իրադարձություններին առնչված անխտիր բոլոր կողմերի ներգրավմամբ և ոչ թե միայն մի կողմի։ Այս առումով Ռոբերտ Քոչարյանի և օրվա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների առաջադրված մեղադրանքները և ընտրված խափանման միջոցները թողնում են ընտրովի արդարադատության և կողմնակալ քննության տպավորություն», -ասված է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Փաստորեն՝ դաշնակցականները, որոնք Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության մաս են կազմում, բացեիբաց կասկածի տակ են դնում ներկայիս արդարադատությունն ու հասկանալի ակնարկներ անում, որոնք արդեն քիչ անց Վիկտոր Սողոմոնյանի շուրթերով կոնկրետացվեցին։ «Բա գործի մյուս մասնակիցներն ինչի՞ նստած չեն, կալանավորված չեն, էդ ներքաշողները, ովքեր ներքաշում էին բանակը քաղաքականության մեջ, որոնց անունները հայտնի են, տեսագրություններ էլ կան, և նրանցից մեկն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: Էդ ինքը շրջապատ չունի՞, որ ազդի իր շրջապատի վրա, ի՞նչ ընտրողականություն է», -երեկվա մամուլի ասուլիսին փակագծերը բացել է Սողոմոնյանը։ Զուգադիպություն էր, թե ոչ, ըստ էության, երկու դեպքում էլ «ընտրովի արդարադատության» մասին բարձրաձայնողները մատնանշում էին ՀՀ առաջին նախագահին։

Ճիշտն ասած այն, որ դաշնակցականների ներկա կարգավիճակի հետ նույն հարթության մեջ չտեղավորվող նրանց համարձակ հայտարարությունները մի տեսակ անտեսված են մնում իշխող ուժի կողմից, թերևս փոքր-ինչ տարակուսելի է, եթե իհարկե դրա տակ շեշտակի հարվածի տակտիկական ու ստրատեգիական հաշվարկներ չկան: Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի լռությունը խորհրդավորության քող ունի և ակնհայտ է, որ նա սպասում է քաղաքական դաշտի դիրքորոշման հետագա հստակեցումներին, ու դա, մեր համոզմամբ, խորապես կապված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ունենալիք պահվածքի հետ: Առայժմ այն մի անգամ, այսպես ասած, բացահայտվել է` ի դեմս հուլիսի 27-ին լրագրողներին հետ զրույցում Միքայել Մելքումյանի այն հայտարարության, որ ինքը շարունակում է բոլոր գործընթացներն իրավական համարել:

Հաշվի առնելով զարգացումների արագացված տեմպերը, երբ վայրկյան-վայրկյան կարող է բան փոխվել, հուլիսի 27-ից հետո փաստորեն անցել է մի ողջ դար, իսկ «Բարգավաճը», եղածից զատ, այլ բան չի ասել: «Բարգավաճի» վերցրած այս պաուզան բնականաբար ձեռնտու է իշխանության գլուխ կանգնած հեղափոխական ուժերին, սակայն նրանք իրենց հաշվարկներում չեն կարող նկատի չունենալ այն, որ ժամանակին բավականին ակտիվ խոսակցություններ էին գնում, որ ԲՀԿ-ի ակունքներում Ռոբերտ Քոչարյանն է կանգնած։ Այդ վարկածի իրավացիության դեպքում պետք է որ ստեղծված իրավիճակում առաջիններից մեկը հենց բհկ-ականները Քոչարյանի պաշտպանությանը նետվեին, բայց արի ու տես, որ իրականությունը բոլորովին այլ բան է ասում: 

Չտագնապելով կրկնվելուց՝ ասենք, որ իրավիճակն, ամեն դեպքում, լարված է մնում, ու կտրուկ տեղաշարժերի բացառումը շատ-շատ բաներով պայմանավորված կլինի խորհրդարանում 31 պատգամավոր ունեցող քաղաքական այս ուժի պահվածքից։ Փաստորեն՝ հանգամանքների բերումով նավը ճոճելն էլ է էապես կախված «Բարգավաճից», չճոճելն էլ: Կպահպանի՞ երկրին այնքան անհրաժեշտ կայունությունն այս կուսակցությունը, թե կգնա ցնցումների ճանապարհով, ցույց կտա ժամանակը, բայց որ պատմական մի իքս պահի այն իր կողմնորոշման մեջ անսխալ եղավ, դա փաստ է:

Արմինե ՍԱՐՈՅԱՆ