Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը վստահ հաղթանակ է տոնել ուկրաինացի Անդրեյ Ջելեպի նկատմամբ (11:6) և դարձել ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն:
Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր նախօրեին, երբ ռումինացի (12:2) ու ադրբեջանցի (11:0) ըմբիշներն հաղթելուց հետո դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ 10։0 հաշվով ջախջախիչ հաղթանակ էր տարել հունգարացի Ռայմունդ Ֆարկասի նկատմամբ:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտերում հաղթանակներ տարան Գեղամ Գալստյանը (65 կգ) եւ Արման Անդրեասյանը (70 կգ):

 Օգոստոսի 4-ին սկսել էր պայքարը Հայաստանի ընտրանու ևս 4 ներկայացուցիչ: Նրանցից երկուսը՝ Վազգեն Թեւանյանը (61 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ), նվաճել են եզրափակչի ուղեգիր և այսօր՝ օգոստոսի 5-ին կգոտեմարտեն Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի կոչման համար, իսկ Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Մհեր Մարկոսյանը (86 կգ) հնարավորություն են ստացել պայքարել բրոնզե մեդալի համար:

Սոնա ԳԻՇՅԱՆ