Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում օգոստոսի 3-ին պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբիշները: Առաջին օրը Հայաստանը ներկայացրել են չորս մարզիկներ: Արսեն Հարությունյանը (57 կգ) ռումինացի (12:2) ու ադրբեջանցի (11:0) ըմբիշների նկատմամբ վստահ հաղթանակից հետո դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ 10։0 հաշվով ջախջախիչ հաղթել է հունգարացի Ռայմունդ Ֆարկասին և անցել եզրափակիչ, որտեղ մրցակիցը կլինի ուկրաինացի Անդրեյ Ջելեպը։ Ի տարբերություն Արսեն Հարությունյանի մեր մյուս 3 մարզիկները՝ Արման Անդրեասյանը (70 կգ) , Արման Ավագյանը (79 կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ) պարտվել են կիսաեզրափակչում և հավակնում են միայն բրոնզե մեդալի:

Եզրափակիչները և բրոնզե մեդալի համար գոտեմարտերը կկայանան օգոստոսի 4-ին։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում Իտալիա են մեկնել նաև Վազգեն Թեւանյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) և Հովհաննես Բաղաքյանը (125 կգ), ովքեր պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 4-ին:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել է 1 ոսկե և 4 բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում գրավելով երրորդ տեղը: Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ժենյա Խաչատրյանն անհաջող է հանդես եկել 59 կգ քաշային կարգում: