Նիժնի Նովգորոդում կայացած համառուսական ուսանողական «Ապագայի գիտությունը երիտասարդների գիտությունն է» խորագրով գիտա-հետազոտական աշխատանքների մրցույթում առաջին տեղն է զբաղեցրել Հայ-ռուսական համալսարանի մագիստրոս Արամ Գուրզադյանը:

Ռուս գիտնականների կարծիքով երիտասարդ տղան պարզապես հանճար է, ով դարձել է գիտական ֆորումի ամենափայլուն բացահայտումներից մեկը. «Նա ազատորեն տիրապետում է ռուսերենին և անգլերենին: Արամն արդեն ընդունվել է Քեմբրիջ: Նա ապագա աստղ է լինելու», -Արամի մասին ասել է Սաութհեմպտոնի համալսարանի պրոֆեսոր Ալեքսեյ Կավոկինը:

Հայ մագիստրոսի զեկույցը երիտասարդ գիտնականների ռուսական ֆորումում լավագույնն է ճանաչվել: Ինքը՝ Արամը, պատմում է, որ դեռևս դպրոցական տարիներից է հետաքրքրվել գիտությամբ և միշտ ձգտել է ավելի լավ հասկանալ կյանքն ու բնության օրենքները: Երիտասարդ տղան արդեն հասցրել էր համագործակցել մահկանացուն վերջերս կնքած  հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի հետ: Հիմա էլ զբաղվում է հարաբերական տեսությունը խորությամբ ուսումնասիրելով ու տիեզերքի գաղտնիքները հասկանալով. «Մենք առաջարկել ենք «սուպերտարածության» և ֆորմալիզմի հասկացություն՝ տիեզերքի էվոլուցիան գնահատելու համար: Դա կօգնի հասկանալ, թե ուր է մեր տիեզերքը շարժվում, և ինչպիսին այն կարող է լինել շատ հեռու ապագայում»:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ