Ըստ «Բարսելոն» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքի, «կապտանռնագույններին» հաջողվել է համաձայնության գալ Մյունխենի «Բավարիայի» հետ՝ չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալին ձեռք բերելու հարցում: Առաջիկա օրերին Չիլիի հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի «Բարսելոնում» եւ կկնքի 3 տարվա պայմանագիր: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վիդալի տրանսֆերը կազմելու է 20-25 միլիոն եվրո:

Արտուրո Վիդալը 2015 թվականի ամռանն էր տեղափոխվել «Բավարիա», որի կազմում մասնակցել է Գերմանիայի նախորդ առաջնության 22 խաղի, դարձել 6 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: Եվրապայում նա հանդես է եկել նաեւ Լեւերկուզենի «Բայերի» (2007-2011) ու Թուրինի «Յուվենտուսի» (2011-2015) կազմում:

«Բարսելոնը» պաշտոնապես հայտարարել է նաեւ Սենեգալի հավաքականի ու բելգիական «Էյպենի» պաշտպան Մուսա Վագայի տեղափոխության մասին: Այս մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա կատալոնացիների երկրորդ թիմում: Այս ամռանը Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունում նա մասնակցել է 3 խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ:

                                                                                                              Սոնա ԳԻՇՅԱՆ