Պատկերացրո՛ւ, ժողովո՛ւրդ, էս համատարած թվայնացման դարում ՀՀ մշակույթի նախարարն ընկած մի հատ հասարակ թիվ է որոնում, ու դեռ չի գտնում:

-Տիկին նախարար, էս թվայնացված դարում ինչքա՞ն ժամանակ է պետք մեր պատկերասրահին, որ իր ռեեստրում եղած Սարյանի կտավների թիվն ու ցանկը գտնի ու Ձեզ ուղարկի: Քանի՞ ամիս, կամ քանի՞ տարի: «Կլավիատուրայի» մի հատ կոճակ սեղմելն ինչքա՞ն կքաշի:

Բանն այն է, որ Մշակույթի նոր նախարարը, իր ցավը հայտնելով, որ իր գլխավորած նախարարությունը Ազգային պատկերասրահում պահվող Սարյանի կտավների ցանկը չգիտի, դիմել է դրանց՝ ցանկն իմանալու: Էսքան ժամանակում Անտարկդիդայի պինգվինների «առաջնորդներն» անգամ իրենց ենթակայությանը հանձնված պինգվիններին արդեն հատ-հատ հաշվել, ցանկն ուղարկել էին իրենց «վերադասին»: Իսկ Դուք դեռ սպասո՛ւմ եք, Ձեր ենթակաների ղրկած «խաբրիկին», տիկի՛ն նախարար:

Աղավնու տոտիկին կապա՞ծ են ղրկել Ձեր պատասխանը:

Ամեն իրեն հարգող պատկերասրահ իրեն վստահված գանձերն անգիր գիտի ախր, իսկ Սարյանի՛ կտավների պես գանձերն արդեն հանց տերունական աղոթք պիտի իմանա: Իսկ Դուք սպասում եք դրանց նամակին, նամակում եղած Սարյանի ցանկին: Կամ էդ ի՞նչ Սարյան է, որ հայտնաբերվել է Սարգսյան գերդաստանում, ու ոչ ոք չգիտի դրանց աղբյուրը: Արվեստի պատմությանը անհայտ Սարյանի այդ ի՞նչ «արտեֆակտ» կտավներ են գտել Սարգսյանները, որ ցօրս ո՛չ Դուք գիտեք, ո՛չ արար աշխարհը գիտի՝ որտեղի՛ց են գտել: Հասկացանք՝ Սաշիկը, Սարյանի հանդեպ իր խելահեղ սիրով, առեղծված է դարձել արվեստասեր աշխարհի համար, բայց է՞դ աստիճան: Էս տեմպերով Դուք ավելի շուտ Սաշիկի՛ վրձնի տակից ելած գործերը կգտնեք, քան թե Սարյանի:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ.Գ. Ի՜նչ եք ուզում, փաստորեն, պարզվում է, խեղճ «Սարյանն» էլ է ստիպված համաձայնել, 50-50-ով Սաշիկի հետ «բարիշած» լինել: Եւ ուրեմն ո՜ւմ էինք մի կտոր հաց տվել, որ էս մարդու սերը քանդակի հանդեպ և՛ս չդրսևորվեց: Դրսևորված լիներ, հիմա Դավիթն առանց ձիու էր մնացել:
Հասկացաք հարկավ որ Դավիթը:
Սասունցի: