Հայկական գրավյալ հողերն ու Արցախի տարածքները

«Ազատագրված տարածքները Արցախի տարածքները չեն, դրանք գրավյալ տարածքներ են, դրանք հայկական հողեր չեն, և այդ հողերը պետք է վերադարձվեն»:

Զոյա Թադևոսյան, ՀԱԿ անդամ

ՀԱԿ-ը Հայ ազգային կոնգրեսը չէ, այն ՀՀԿ-ի կոնսերվացումն է:

ՀՀՇ-ն հայության նախավերջին մեղքն է (վերջին մեղքը շատ շատերն են՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, Նաիրան ու Զարուհին, Զուրաբյանն ու Զոյան): Զ-երը մի փոքր շատ է ստացվում, սակայն տվյալ պարագայում սա չէ մեզ առանձնապես անհանգստացնողը: Տեսեք, երբ հայությունը ազատագրում էր Արցախը, Տեր-Պետրոսյան Լևոնը, Սարդարյան Կտրիճը, Աշոտը Բլեյան և այլ ազգային-քաղաքական խառնածիններ ազատագրյալ հողերը անվանակոչում-կնքում էին որպես գրավյալ տարածքներ:

Եվ քանի որ ես՝ Սեթս Գմփոյանս, ագարակում չեմ հանդուրժում հանիրավի մեղադրանքները քաղաքական ասպարեզում, առավել ևս քաղաքական խժդժությունները, ապա բնականաբար դիմում եմ պատմությանը: Աշոտ Բլեյանը ՀՀՇ-իզմի անթաքույց գաղափարախոսն էր 1990-ականներից: Ուշադիր լսեք, թե ինչ էր գրել Բլեյանի հիմնած «Նոր ուղի» կուսակցության համանուն շաբաթաթերթը 1992-ին. ««Նոր ուղին» խաղաղ գոյակցության բանաձև է համարում հրաժարումը հայոց պատմական հայրենիքից և ընհանրապես տարածքային որևէ պահանջից, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը»:

Այո՜…

Զոյա Թադևոսյանը վստահաբար դուրս է նետվել Բլեյանի գզրոցից ու բնավ էլ նշանակություն չունի, որ նա իր խառնակիչ և ազգադավ խոսքի համար ներողություն խնդրեց հայությունից: Բնավ էլ դժվար չէ նկատել, որ ՀԱԿ-ական սույն տիկինը քաղաքական բազմախորհուրդ հրահանգ է նետում շրջանառության մեջ և որ նրա թիկունքում, այո՛, ոչ միայն Լևոնն է Տեր-Պետրոսյան և ՀՀՇ-ՀԱԿ-ը, այլև Գոբլի տխրահռչակ ծրագիրն է: Այնպես որ «Նոր ուղի» քաղաքական կոյուղով դեռ պղտոր ջրեր են հոսում:

Ստեղծված իրավիճակում ինձ մնում է ամբիոնը տրամադրել ագարակիս հաստիքային քաղվերլուծաբան Արիստակես խոճկորին՝ փորձելով նրա շուրթերով գտնել հարցի պատասխանը. «Տիկին Զոյա, զառանցանքդ անբուժելի է, բայցևայնպես փորձիր մի պահ սթափվել և ազնվորեն պատասխանել ահա այս հարցիս. եթե ազատագրված տարածքները հայկական հողեր չեն, ապա դրանք ո՞ւմ հողերն են՝ Ադրբեջանինը՞, թուրքերինը՞, թե՞ միգուցե դրանք էսկիմոսների պապենական տարածքներն են:

Պարզաբանիր, պաղատում եմ…»