Անթույլատրելի խափանումներ մեկ արտիստի թատրոնում

‹‹Անթույլատրելի է երկրորդ նախագահին և առհասարակ նախկին նախագահներին կալանավորելը, եթե կա այլ խափանման միջոց: Եվ համամիտ եմ Վազգեն Մանուկյանի հետ, որ Հայաստանը վերածվել է մեկ արտիստի թատրոնի, սա վտանգավոր է››:

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ խոսնակ

Անթույլատրելի է իսկապես երկրորդ և, առհասարակ՝ 1-ին և 3-րդ նախագահներին կալանավորելը, չէ որ կան խափանման և այլ միջոցներ: Ճիշտ է, դրանցից և ոչ մեկի պարագայում նրանց հետ վարվելիքի բնույթը չի փոխվում, բայց թե տարբերակներ են: Զորօրինակ ահա սա: Նրանց ձերբակալում ենք և ենթարկում ենք ցմահ տնային կալանքի: Ընդ որում՝ երեքին էլ նույն սենյակում ու բռնի ուժով պարտադրում, որ հուշեր գրեն առ այն, թե ինչպես իրենցից յուրաքանչյուրը խիստ յուրովի, բայցևայնպես չշեղվելով Հայաստանի գաղութացման և՛ տարածաշրջանային, և՛ միջմայրցամաքային, և՛ ՀՀՇ-ՀՅԴ-ՀՀԿ կուսակցական-գերպատմական ծրագրից, թլպատեցին երկիրը մեր:

Կա խափանման և այս միջոցը. 1-ին նախագահին ուղարկում ենք նախկին աշխատավայր, այն է՝ Մատենադարան՝ ստիպելով կես դրույքով աշխատել որպես Թալմուդի և Ղուրանի հայկականացման մասնագետ: Հասկանալի է, որ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների պարագայում հարցը փոքր-ինչ բարդանում է (նրանց պարագայում persona non crata-ն գործելու է Հայաստանի և Արցախի ողջ տարածքում), սակայն կարելի է ընդառաջ գնալ սույն տիարների սեփական ցանկությանն ու չխոչընդոտել սեթական բնակության վայրի նրանց ընտրությանը:

Տիար Շարմազանով և այն էլ տոհմի ցեղապատումի մեջ ոչ ավել-ոչ պակաս Էդուարդ Առաջին, արգ խոսնակ, խոսելուց առաջ հարկավոր է նախ մտածել, երկա՜ր-բարավ փիքր անել, սառը ջուր խմել և ապա նոր միայն փորձել բարբառել: Արդ, իսկույն ևեթ ենթարկվիր բարոյա-հոգեբանական ինքնահոգնայի և վերծանիր խելահեղ միտքդ. «…Հայաստանը վերածվել է մեկ արտիստի թատրոնի, սա վտանգավոր է» ու փորձիր պատասխանել, թե
-ինչի՞ էր վերածվել Հայաստանը 2008-2018-ին, այսինքն՝ ՀՀԿ-Ազատիչ մենիշխանության տարիներին,
-քանի՞ «մեկ արտիստ» կար Հայաստան պայմանական անվամբ Ազատիչի պապենական վոտչինայում,
-արդյո՞ք, թեկուզ կես դրույքով, դերասան չէին Շմայս-Առաքել Բռնաբարը, տիկին Շողերի մոտ ամուսին աշխատող Լֆիկ-Սամուել Ալեքսանովը, անհոդաբաշխ խոսքի վարպետ Գալուստ Գրիգորիչ Սահակյանը, ի բարօրություն մայր Հայաստանի Սփյուռքից մարդա հաշվով 1000 դոլար պարտադրաբար պահանջող Հրանուշ Հրանտի Հակոբյանն ու առհասարակ բազմապճեղ մյուս արարածները:

Պարզաբանիր, թե քանի մեկ դերասանի թատրոնից է կազմված եղել քո երազանքների սերժ-քոչարյանական Հայաստանն ու դա ինչ կարգի վտանգավորություն է իրենից ներկայացրել երկրի համար:

Պարզաբանիր, պաղատում եմ…