Հուլիսի 31-ին Iravaban.net-ը հրապարակել էր երկաթուղայինների բաց նամակն՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ավելի շատ հիշեցնում է փրկության աղերս, լսելի լինելու վերջին հույս։ 7 կետից բաղկացած այդ նամակում մասնավորապես ասվում է, որ վերջին տարիների ընթացքում փակվել է 9 կայարան, իսկ դրանց ենթակառուցվածքները վերածել են մետաղաջարդոնի և վաճառել, կրճատվել են աշխատատեղեր, իսկ մասնագետները մնացել են անգործ կամ արտագաղթել են։ Վարչապետին որպես միակ փրկօղակ դիտարկող երկաթուղայիններն ահազանգում են հնարավոր վտանգի մասին, որը պետք է կանխել՝ 1960-1970-ականների արտադրության գնացքները ներկում են և հիմնանորոգվածի տեղ սաղացնում՝ այն դեպքում, երբ դրանք շահագործման համար պիտանի չեն։ Դրսից բերված, իբր, մասնագետներն ավելի բարձր են վարձատրվում, իսկ հայ երկաթուղայիններին ազատում են աշխատանքից կամ ուղարկում թոշակի։ Այստեղ հիշատակվում է նաև, որ տարիներ շարունակ երկաթուղու ղեկավարության կոռուպցիոն գործարքների, սեփական ընկերություններից գնումներ կատարելու մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, սակայն իրավապահները հարկ չեն համարել ընթացք տալ դրանց։ Եվ վերջում հստակ մատնանշվում են թալանի պատասխանատուները՝ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկո, գլխավոր հաշվապահ Վեներա Ավետիսյան, տեղակալներ Արմեն Դարբինյան, Իլյա Կելպերիս, Նիկոլայ Անտոնով, մատակարարման ծառայության պետ Լադոշա, գործերի կառավարիչ Կարեն Անտոնյան։

Մտահոգիչ նամակի հետքերով փորձեցինք խոսել ՀԿԵ աշխատակիցների հետ, սակայն վերջիններս խուսափեցին պատասխանել մեր հարցերին կամ էլ տվեցին կցկտուր պատասխաններ։ Այն հարցին, թե ովքեր են գրել բաց նամակը, երկաթուղայինները նշեցին, որ «3000 աշխատող կա, ինչ իմանանք»։ Իսկ կայարանների կրճատման վերաբերյալ պարզաբանեցին, որ եթե կայարանում ընդամենը մեկ մարդ է իջնում, ապա «ինչքանով է ձեռնտու» պահել այդ կայարանը։ Ստացվում է՝ ամբողջ շրջաններ զրկվում են գնացքից օգտվելու հնարավորությունից։ Ինչևէ, տեսախցիկից և ձայնագրումից «սարսափած» երկաթուղայիններից մեկը հաստատեց հստակ՝ ամեն ինչ ճիշտ է գրված, իսկ մյուսը պնդեց, որ մեր հարցերը ուղղենք ղեկավարությանը։ Ուստի խնդիրն օբյեկտիվորեն ներկայացնելու համար գլխամասից նույնպես փորձեցինք պարզաբանումներ ստանալ։

Հեռախոսազանգին պատասխանեցին հակիրճ՝ ամեն բան սուտ է, վագոնները համապատասխանում են շահագործման չափանիշներին, իրավապահների ստուգումներից չեն վախենում, ավելին՝ իրենց միշտ էլ ստուգում են, որոշ կայարաններում պարզապես կանգառներ չեն նախատեսվում, քանի որ մարդ չի իջնում, հնչեցրած մեղադրանքները իրականությանը չեն համապատասխանում, իսկ նամակը ստորագրված չէ և գրված է աշխատանքից հեռացված մի խումբ աշխատակիցների կողմից։

Պատասխանի մեջ ՀԿԵ-ի լիազորված անձինք ավելի քան հստակ են իրենց ժխտողականության մեջ, սակայն մի նախանձելի կարողություն են դրսևորել, որով չի կարելի չհիանալ՝ մի կողմից ասում են, որ նամակը ստորագրված չէ, մյուս կողմից էլ գիտեն, որ գրված է աշխատանքից հեռացված երկաթուղայինների կողմից։ Ստացվում է՝ ՀԿԵ ղեկավարությունը կամ հրաշալի գուշակելու կարողությամբ է օժտված, կամ էլ երկաթուղայինների նամակը լա՛վ էլ հիմնավոր է: Անկախ ամեն ինչից՝ եկեք չմոռանանք, որ երկաթուղին ստրատեգիական նշանակություն ունեցող կառույց է, և ամեն կարգի հնարավոր տհաճ անակնկալներից խուսափելու համար ՀՀ կառավարության զգոնությունը չէր խանգարի:

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ