ՀՀԿ-ն իր «փայլուն» գլուխ Աշոտյանի բերնով հույս է հայտնում, որ ժողովրդի էյֆորիա՛ն էս է, կպրծնի, իսկ ժողովուրդն էլ իր նորից բացվող, մինչ էդ գոց բերնով հույս է հայտնում, որ ՀՀԿ-ի էվթանազիա՛ն էս է կսկսվի: «Էվթանազիա» հունարենից նշանակում է «լավ մահ»։ Հակառակ ՀՀԿ-ի, որը հեչ խիղճ չունի, քանզի, ժողովրդի աչք ու ականջ վտանգի ենթարկելով, էլի Աշոտյան է բերում, մարդկանց դեմ հանում, ժողովո՜ւրդը խղճով է անչափ. չի ուզում՝ մահամերձ ՀՀԿ-ն ցավերի մեջ տառապի: Քանզի էվթանազիան անբուժելի հիվանդին ցավից ազատելն է։ Իսկ այս պարագայում լավագույն «էվթանազիան» այն կլինի, որ ՀՀԿ-ն մասնակցի պառլամենտական ընտրություններին: Ի՞նչ ես կարծում, ժողովո՛ւրդ, ինչքա՞ն կհավաքի: Ես անձամբ «ի՛նչ»-ը գիտեմ, «ինչքա՛ն»-ը չգիտեմ, քանզի չեղած բանն ինչպե՞ս իմանամ: Ինչ վերաբերում է «ինչ»-ին, ապա ՀՀԿ-ն, եթե մասնակցի ընտրություններին, կհավաքի այն, ինչ իրեն…կտան. հայոց «Միչուրին», գեներալ-գզիր էն տղու՝ Միհրան Պողոսյանի ստացած մաքո՜ւր հայկական, շողշողո՜ւն… բանան:

Եւ ըստ այդմ՝ արդեն պատրաստ եմ պատասխանելու նաև «ինչքա՛ն» հարցին.

-Հե-հե՜յ ՀՀԿ, քանի՞ հոգի եք ողջ ՀՀԿ-ով: Այ էդքա՛ն «հայոց թանկանոց» բանան կստանաք, եթե գնաք ընտրության:

Նորից գանք ՀՀԿ այսօրվա գլխավոր հույսին, թե ժողովրդի էյֆորիան էս է, կպրծնի: Ի՜նչ ասեմ, էդ բանն ասող բերնի տերն անուղղելի է: Ո՜նց ով: Աշոտյա՛նը, ո՛վ: Ինքն ինչքան «աշ-աշ» դնում, դուրս է տալիս, ՀՀԿ-ն էնքան մարդկանց «դուրն է գալիս»:

Ո՛չ, պարոն Աշոտյան, իմ կարծիքով՝ ո՛չ: Էդ «էյֆորիան» դժվար էլ պրծնի՝ ի տարբերություն ա՛յն էյֆորիայի, որի մեջ ընկած դուք կոլեկտիվով՝ լող էիք տալիս հայոց բարիքի ձեզ վստահված ծովում, բարիքն էդ խժռում: Դե ծովն էդ առումով շա՜տ հարմար տեղ է. որտեղ խժռում ես, այնտեղ… «դուրս մղում»…

…Բայց էդ բանը պրծավ, ու հիմա լրիվ ուրիշ հարց պիտի ձեզ մտահոգի. հիմա էդ ծովն այլևս ձեր ծնկներից չէ. ափին բոլորը ՝«տանջված» տղամարդ, դուք՝ խեղդվող զոքանչ. ո՛ր մեկը դրանցից կգա՝ ձեզ փրկի… Էկեք համաձայնեք ու ոչ էլ ուրիշի առաջ իզուր վիզ ծռեք. տեղում հատակն անցեք, էդպես ինքներդ ձեզ էվթանզիա արեք՝ մի հատ նոր տեսակի «պատվով խառակիրի». համ ցավից կպրծնեք, համ էլ ձեր գանգատվող, «հարա՜յ» կանչող էդ պատկերները մարդկանց էլ չեն զզվեցնի: Թե ծովից մի կերպ ելել, ա՛փ եք դուրս եկել, դրա փրկությունն էլ կա, սակայն էդ բանը, ամա՜ն, դուք չանեք. գետի՛նը… չմտնեք:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ