Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ազամատ Այտխոժինը նամակ է ուղարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իր գործակից Արմեն Մինասյանին:

«Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավում է Ձեզ «Փյունիկի»՝ Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլ դուրս գալու կապակցությամբ: Դա աննկարագրելի հաջողություն է Ձեր երկրի ակումբային ֆուտբոլի համար: Ցանկանում ենք նորանոր հաղթանակներ «Փյունիկին» և հայկական ֆուտբոլին:

Միաժամանակ, ցանկանում ենք, որ ուշադրություն դարձնեք «Փյունիկ»-«Տոբոլ» պատասխան խաղի ընթացքում տեղի ունեցած դրվագին: Ժեստը, որը տանտերերի գլխավոր մարզչի օգնական Յուրի Նագայցևի կողմից հասցեագրված էր մեզ, քննադատության մեծ ալիք է բարձրացրել Ղազախստանի ֆուտբոլի միլիոնավոր սիրահարների մեջ, որոնք ուղիղ հեռարձակմամբ հետևում էին խաղին:

Չէի ցանկանա, որ նման դրվագները բացասական ազդեցություն թողնեն երկու ֆեդերացիաների միջև հարաբերությունների վրա», -գրված է նամակում:

Սոնա ԳԻՇՅԱՆ