Շիրազի փողոցի շրջափակումը

Շիրազի փողոցը Երևանի Աջափնյակ վարչական շրջանում է: Փողոցը նաև մայրուղի է, կապում է հանրապետության հյուսիս-արևմուտքը հարավ-արևելքի հետ: Փողոցը գերծանրաբեռնված է, զի այլևայլ փոխադրամիջոցներից բացի այն հերկում են ծանրաքաշ բեռնատարները, որոնք արար աշխարհի ապրանքն են հասցնում մայրաքաղաք: Օրինակ ներկրում են մաստակ և անվադողեր, շաքարավազ և կոշտուկի բալասան, նաև պոմիդոր, էքսկավատոր, անգամ այնքան հանրահայտ բուլբուլյատոր:

Ահա այս Շիրազի փողոցի առնչությամբ մի անհավանական ահազանգ ինձ՝ Ձեր խոնարհ ծառա Սեթ Գմփոյանիս, հարկադրեց դիմել ծայրահեղ քայլերի ու մայրաքաղաքի թափառաշրջիկ շների առաջնորդ, միաժամանակ ագարակի հետաքննիչ լրագրող Սէմուելին գործուղել դեպքի վայր, որտեղ խախտվել էին փողոցի բնակիչների, թափառաշրջիկ շների և բակային հարբեցողների ազատ տեղաշարժվելու, աղբավայրերը տեղզզնման ենթարկելու սահմանադրական իրավունքները:

Եվ ինչ պարզվե՞ց: Պարզվեց, որ կազմակերպելով զանգվածային վիճակախաղ՝ ‹‹Վի Էլ Վի›› և ‹‹Դոմուս›› վաճառատներն ավելի մեծաթիվ հաճախորդներ հրապուրելու նպատակով էլեկտրական սարքեր, լվացքի մեքենա և անգամ փոշեկուլ են հրամցնում չեղած տեղից թանկ մի բան ձեռք գցելու սիրահարներին:

Սէմուելն առ ինձ ուղղված զեկուցումում վստահեցնում է, որ փողոցը բացառապես փակվում է վիճակախաղերին մարդկանց մասնակից դարձնելու դիտավորությամբ ու կազմակերպիչներին դա անվրեպ հաջողվում է: 

Ինչպես աղանդավորաց հավաքներում, գործընթացն այդ տևում է 3-5 ժամ: Դղրդում են բարձրախոսները, հառաչում է շահումից զրկված հսկայական խառնամբոխը, երջանկությունից խելքամաղված թառանչում է շահողը: ‹‹Դոմուսի›› խաղարկած լվացքի վերջին մեքենա շահումով բաժին է հասել օրիորդ Վերգուշին (համենայն դեպս նրա կարգավիճակն այդպես է ներկայացրել հաղորդավար Սրապը): Անակնկալ երջանկությունից մի պահ ուշաթափված օրիորդին կյանք է վերադարձրել ԱԻՆ-ի օպերատիվ խումբը, որն ակնհայտ հեռահարությամբ Շիրազի փողոց էր ուղարկել մեկ մարտական հաշվարկ իր հասանելիք փրփրաբաժնով:  Սակայն օրիորդ Վերգուշի հետ իմ հետաքննիչ լրագրողի հարցազրույցը չի ստացվել, քանզի այդ ահռելի բազմության մեջ մարդս կարող է նույնիսկ աննկատ իր էն բանը կորցնել՝ հավատի վերջին մնացորդը: Թե լվացքի մեքենայից զատ ճակատագրով ինչ նախատեսված բան է բաժին հասել Վերգուշին, Սէմուելը տեղեկացնում է, որ անտեղյակ է, սակայն ավելի քան քաջատեղյակ է, որ Շիրազի փողոցում վճակախաղի օրերին կյանքը կանգ է առնում, բակերը վեր են ածվում ավտոկանգառների, խաթարվում է փողոցի բնակիչների բնականոն տեղաշարժը, թափառաշրջիկ շները պարտադրված քուն են մտնում շենքերի շքամուտքերում, հարբեցողներն էլ ժամանակավորապես ապրում են ժուժկալ կյանքով:

Որպես անհատ ձեռնարկատեր ագարակատեր, Սէմուելի այս հրապարակմամբ դիմում եմ Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանին և վերջինիս զարմիկ Սարգսյանին, որը կարծես թե ղեկավարում է Աջափնյակ վարչական շրջանը: Դիմում եմ և՛ թափառաշրջիկ չորքոտանիների, և՛ փողոցի բնակիչների և թե բակային հարբեցողների անունից, դիմում եմ սթափվելու և վիճակախաղային վերոնշյալ արհավիրքը վերացնելու առաջարկով:

Հ.Գ. Եթե մեկ շաբաթ անց էլ իրավիճակը շարունակի մնալ պայթունավտանգ, այսինքն՝ շարունակվի վիճակախաղերի վակխանալիան, ապա ես՝ պատվարժան Սեթ Գմփոյանս, կպարտադրեմ Սէմուելին ու իր համախոհներին անցնել դաստիարակության ֆիզիկական մեթոդի գործադրման: