Հայ ժամանակակից նկարիչները մարդուն, նրա հույզերն ու հոգսերը, երազանքներն ու մտքերը տեսնում ու կտավին են փոխանցում, հետո ցուցադրության ներկայացնում՝ պատրաստ նրանցում ամփոփվածը բացահայտելու հետաքրքրված յուրաքանչյուր այցելուի համար։ Նկարիչների միությունում անցկացվող և ոչ մի ցուցահանդեսում նման հարուստ «ներաշխարհով» նկարների պակաս չի լինում, բայց նրանց հաղորդակից լինել ցանկացողների՝ գրեթե միշտ լինում է։ Բացառություն չէ նաև ընթացող ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված 130 նկարների հեղինակները 3-4 սերունդ են ներկայացնում։ Միության պարբերականի՝ «Կերպարվեստի» գլխավոր խմբագիր Վրեժ Առաքելայնը, ով շուրջ 15 տարի է, ինչ ծանոթ է այնտեղի անցուդարձին, երբ համեմատական է անցկացնում Միության նշանակության խորհրդային ու հետխորհրդային շրջանների միջև, սարերի տարբերություն է նկատում և ափսոսում, որ ներկա սերունդը խորհրդային իրականության միայն վատ կողմերն է մատնանշում։ «ԽՍՀՄ տարիներին պետությունը տեր էր կանգնում մշակույթին, հանրապետական ցուցահանդեսները պետության ուշադրության կենտրոնում էին, և ցուցահանդեսի ոչ մի նկար հետ չէր գնում, այլ գնվում և նվիրվում էր տարբեր կառույցների, ձեռնարկությունների։ Արվեստը հասարակությանը շատ մոտ էր, հիմա ոչ պետությունն է ուշադրությունն դարձում ստեղծագործական միություններին, ոչ էլ հասարակությունն է հետաքրքրություն ցուցաբերում,-ափսոսանքով նշում է պարոն Առաքելյանը և հավելում,  -անգամ լրատվամիջոցները չեն լուսաբանում. այստեղ գալիս են լոկ այն դեպքում, երբ որևէ ինտրիգ է լինում»։

Կերպարվեստ-հասարակություն խզված կապի հետ Վրեժ Առաքելյանը, սակայն, չի համակերպվում։ Ճգնաժամային վիճակից դուրս գալու ուղիներ տարիներ առաջ է սկսել փնտրել ու խոստումնալից տարբերակն էլ կարճ ժամանակ անց գտել է, բայց պայմաններն այն չէին։ Մեկ տարի առաջ, երբ մանկության ու գաղափարական ընկեր, Նկարիչների միության անդամ Մկրտիչ Մկրտչյանն իմացավ, որ ուզում է Կերպարվեստի կենտրոն ստեղծել, գաղափարը ողջունեց ու առաջարկեց կենտրոնը հենց իր արվեստանոցում էլ բացել։ Առաջարկը, բնականաբար, ընդունվեց։ «Կերպավեստը շատ հարուստ աշխարհ է, նրա հնարավորություններն անսպառ են, բազմաթիվ պրոֆեսիոնալ նկարիչներ ունենք, որոնց ներուժն ուղղակի չի օգտագործում, մինչդեռ կարիքը կա։ Մի հասարակ բան. մտնում ես պանդոկ կամ հյուրանոց և չես հասկանում ինչ տրամաբանությամբ է արված դիզայնը, խորհուրդ չես տեսնում կամ էլ ձևավորումը լրիվ անհամապատասխան է լինում արված։ Իսկ մի՞թե չի կարելի խորհրդակցել պրոֆեսիոնալ նկարիչների հետ և ավելի ներկայանալի, համահունչ ու տիպիկ նկարազարդում անել։



Հիմա ի՞նչ ենք փորձում անել մենք: Փորձում ենք կենտրոնի միջոցով կամուրջ ստեղծել կերպարվեստի և հասարակության միջև։ Թե որքանով կստացվի, չեմ կարող ասել, բայց այդ ուղղությամբ որոշ քայլեր արդեն արել ենք։ Մասնավորապես՝ մի մարզպետի արդեն առաջարկել ենք իր ղեկավարած մարզի կերպարվեստային նկարագիրը ստեղծել, այսինքն՝ մարզկենտրոնում, քաղաքներում կամ գյուղերում խորհրդանիշեր ստեղծել՝ կերպարվեստի ժանրում, օրինակ՝ պլակատային արվեստը կարելի է զարգացնել, որը մեծ ներգործուն ուժ ունի։ Այդպես և´ կոլորիտ կստեղծվի, և´ զբոսաշրջությունը կզարգանա», -ասում է կենտրոնի համահիմնադիր Վրեժ Առաքելյանը։

Կենտրոնի աշխատանքը, հիմնադիր-տնօրենի խոսքով, բազմավեկտոր է։ Բոլոր ցանկացողներն այնտեղ այցելելու և արդեն իսկ արված աշխատանքներին ծանոթանալու հնարավորություն ունեն, իրենց ցանկացած նկարը ցանկացած տեղում պատվիրելու՝ նույնպես։ Որպեսզի արվեստ սիրող մարդկանց օգնեն կողմնորոշվել, թե ինչ նկար կարելի է ստեղծել տանը, աշխատավայրում կամ հաստատությունում, հիմնադիր տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը նաև որոշակի ուղղություններ են առանձնացրել՝ հայրենի եզերք, ռազմահայրենասիրական, պատմամշակութային։ Հետաքրքիր առաջարկ են մտածել նաև գրողների ու գրքի սիրահարների համար. նրանց էլ գրքերի և պատկերագրքերի նկարազարդման հարցում օգնության ձեռք կմեկնեն։ Կենտրոնի գործունեության գլխավոր նպատակներից մեկը որմնանկաչության վերածնունդն է։ Վրեժ Առաքելյանը համոզված է՝ ժամանակակից հայ որմնանկարիչները ոչնչով չեն զիջում դասականներին, միայն թե ներկայանալու հնարավորություն պետք է տրվի։

Կենտրոնը կյանքի կոչելու հարցում ոչ հիմնադիր-տնօրենը, ոչ էլ գեղարվեստական ղեկավարը որևէ մեկից օգնության ակնկալիք չեն ունեցել սկզբում, չունեն և հիմա։ Վրեժ Առաքելյանն ասում է՝ մեր սեփական միջոցներով, գիտելիքներով ու փորձով ենք ուզում առաջ գնալ, կերպարվեստը հանրայնացնելու ցանկությունը մերն է և այդ ճանապարհին որևէ խոչընդոտ չենք տեսնում։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ