Սիրելի՛ ժողովուրդ, մեծարգո ընթերցասերներ, երկարատև ու ծանր լռությունից հետո Խոսրով Հարությունյանն էլ… սկսեց խոսել: Անտառից լսվեց ՀՀԿ-ի դարդից վերակողմնորոշման շեմին շվարած, կորած-մոլորված Խոսրովի «ա-ո՛ւ»-ն, որի մեջ նիրհից վերստին զարթնած մի հարց է ճչում. «Է՛ս անգամ հիմա ես որ կողմ գնամ»:

Առհասարակ հայոց պատմության մեջ Խոսրովն անզուգական երևույթ է: Այո՛, Խոսրովը համարյա թե մարդ չէ, անձնավորություն չէ, Խոսրովը երևույթ է: Ամեն տեղի ու ամեն պայմանի հարմարվում է ու գոյատևում: ԽՍՀՄ-ում ինքը ԽՄԿԿ-ում էր, Լևոնի օրոք ԽՄԿԿ-ի թունդ հակառակորդ ՀՀՇ-ում չէ՛ր, բայց քանզի հոգով-սրտով էդտեղից էր, ուստի ինչ դիրք, ինչ պաշտոն որ ուներ, ՀՀՇ-ից էր: Իսկ այսօր, ճիշտ է, դարձյալ ինքը ՀՀՇ-ի թունդ հակառակորդ ՀՀԿ-ում չէ, սակայն ՀՀԿ խնբակցությունում է:
Բա որ ասում էի անզուգական է՞:
Բա որ ասում էի՝ էս մարդը մարդ չէ, այլ երևույթ է՞: Ու երևույթի անվանումը՝ «Խոսրով»: Ու «Խոսրով»-ը միակն է այս աշխարհում, որ… հոմանիշ չունի…

Ու Խոսրովն այսօր համոզված է, որ Երևանի «մեռի» ընտրությունների համար ՀՀԿ-ն չի մեռել, ՀՀԿ-ն դեռևս կարող է համարձակորեն «մեռի» իր թեկանածուն վստա՜հ առաջադրել: Ըստ իրեն՝ ի՜նչ անենք՝ գող ու ավազակ են, ի՜նչ անենք՝ արար աշխարհով մեկ խաղք ու խայտառակ են, ի՜նչ անենք՝ միլիարդներով բյուջե են թալանել, ի՜նչ անենք՝ իրանց սկսել են կալանել, թող գան-մասնակցեն «մեռի» ընտրությանը, որ աշխարհը նայի, ասի՝ տե՛ս էս հայերը ի՜նչ «տոլեռանտ» են, (ես կասեի՝ ի՜նչ մոլեռա՛նդ «տոլեռանտ են), անգամ գողի ու ավազակի հանդեպ շատ քաղաքավարի ու շատ սրտաբաց են:

Ես մի բանից եմ լրիվ ապշահար. ոնց է, որ մայիսի 8-ից ի վեր էդքան ժամանակ է անցել, բայց Խոսրովը դեռ չի… վերակողմնորոշվել: Հապա հաշվի՛ր, ժողովուրդ, արդեն համարյա երեք ամիս է անցել, սակայն ցատկունակ Խոսրովը ՀՀԿ-ից դեռևս դեմի մայթը չի ցատկել, առվի էս ափից մյուսը չի թռել, ԱԺ դահլիճի էս թևից էն թև դեռ չի թևածել…       Խոսրովը ե՞րբ էր էսքան սպասել:

Եւ ուստի սիրտս վկայում է, որ Խոսրովն, այսպես իր իսկ լռությունը խախտելով, այսպես ասած՝ իր իսկ այս պպզել-ելնելով, կքանստելով ու նորից շտկվելով, պատրաստվում է ցատկի: Խոսրովը, հաստա՜տ, պատրաստվում է ցատկի՝ էս մայթից էն մայթ, առվի էս ափից էն՝ հակառակ ափ… Բա իհա՜րկե, պե՛տք է, հո՜ւյժ անհրաժեշտ է ցատկն այդ ու ճակատագրակա՜ն. հո «թավշամորթ» առյուծի բերանը չի թողնելու  իր ողջ գերդաստանը, այսինքն՝ ՀՀ ԱԳՆ գրեթե ողջ վերնախավը: Խոսրովհայրը պտի՞ մի բան մտածի, որ Խոսրովորդին  ու Խոսրովփեսան, ներառյալ նաև  Խոսրովդուխտը պատվական,  մի ձևով էս բարդ մոմենտը անցնեն, էս նոր քամուց ու միջանցհովիկից, ի՜նչ միջանցհովիկ ախր, ժողովուրդ ջան, էս «սկվազնյակի՜ց» սաթրջան չընկնեն,  հիմա էլ «թավշյա՛» մուրազին հասնեն…

Բա իհարկե, Խոսրովը, քանի՜ տարի է, հա՜ ներս էր գցում, բայց, արդեն քսան տարի, ամեն անցած գիշեր քունը չէր տանում. «թավշյա» հեղափոխության շուրջն էր միտք անում… «Հառաչանքի» էն ծերունու պես: Իսկ թե մի էրկու ժամ էլ աչք էր կպցնում, երազում էլի ջղայնանում ու Նիկոլի հետ հեղափոխություն էր  ջղայի՜ն  անում՝ երբեմն նույնիսկ մոռանալով՝ հեղափոխություն անելիս Նիկոլին հետը վերցնի: Հեղափոխությունն անում էին մենակ ինքն ու իր դիպլոմատ ողջ գերդաստանը, այսինքն՝ ՀՀ ԱԳՆ ողջ վերնախավը:

Եթե կուզեք իմանալ, ինքը ՀՀԿ-ին միշտ էլ չի հավանել, ուղղակի ներս գցել, չի խոստովանել: Իսկ հիմա արդեն կխոստովանի. մի էրկու օր էլ սպասե՛ք՝ կխոստովանի ու ցատկն իր կանի, հակառակ դեպքում՝ ինքը ստիպված պտի իր էդ անհոմանիշ անունը փոխի, իսկ լրի՜վ հակառակ դեպքում՝  պարզապես… պայթի:

                                                                                            Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ



Ցատկե՛լ, որ սրա կողքի՛ց համ էլ պրծնել