Ո՞րն է ավելի շոշափելի

‹‹Բայց այն մեղադրանքին, որ այժմ ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին, կտրականապես համաձայն չեմ, համարում եմ անհիմն, իսկ կալանավորելու որոշումը՝ վտանգավոր, որ հարվածում է մեր պետության անվտանգությանը: Անհիմն մեղադրանք այն մարդկանց նկատմամբ, որոնք անգնահատելի դեր են ունեցել մեր ժողովրդի՝ վերջին հարյուրամյակների ամենամեծ ռազմական հաղթանակի մեջ››:

Վազգեն Մանուկյան, Հանրային խորհրդի նախագահ

Երիցս ճիշտ և անդառնալիորեն անվրեպ եք, հարգարժան Վազգեն, նույն ինքդ՝ Մանուկյան, ՀՀ 1-ին վարչապետ, ՀՀ պետնախարար, վերջիվերջո՝ 1996-ին ընտրված, բայց այդպես էլ լիազորություններին չանցած նախագահ: Արցախի հաղթանակն ամենամեծն էր վերջին հարյուրամյակներում, և անգնահատելի էր նրանց (Ռոբերտի և Յուրիի) դերը՝

ա. ռազմական հաղթանակում

և բ. խաղաղ կյանքում սանձազերծված պատերազմում:

Եվ ահա այստեղ մի խենթ հարց է ծառս լինում իմ գլխուղեղի ձախ ենթակեղևում՝ ո՞րն էր ավելի շոշափելի, մեծ և փառահեղ՝ ռազմական հաղթանա՞կը՝ ընդդեմ սելջուկների հետնորդների, թե՞ քրեաօլիգարխիկ նվաճումները՝ սեփական երկրում, սեփական ժողովրդի դեմ մղվող աննահանջ մարտերում:

Մի՞թե վերջին հարյուրամյակներում հաղթելով ոսոխին, հայ զորավարները նաև պետական այրերը (ասենք թե Դավիթ Բեկը, թեկուզև՝ զորավար Անդրանիկը, ռահվիրա Նժդեհը, մարշալներ Բաղրամյանն ու Բաբաջանյանն ու այլք), որպես ռազմավար ձեռք էին բերել հսկայական կապիտալ, կորզելով երկրի եղած-չեղածը՝ դաժանաբար ստորացնելով երկրի ժողովրդին:

Չկայացած նախագահիդ հորդորում եմ հրապարակավ ստանձնել Ձեր անմնացորդ պաշտամունքի առարկա երկու անձանց դատապաշտպանությունը և մի կերպ գլխի գցել մեզ, որ իսկապես նրանց կալանավորումը հարվածում է երկրի անվտանգությանը: Եթե դա ձեզ հաջողվի, կնշանակի, որ զինվորաբաժին պահածոյի խժռումն ու ապրիլի 1-ին սանձազերծված պատերազմի թունդ պահին հողաթափը հագին բիլյարդ խաղալը էապես նպաստել է ՀՀ-ի և ԼՂՀ-ի անվտանգության ամրապնդմանը:

Եթե իրավ այդպես է, պարզաբանիր, պաղատում եմ…