ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումն այսօր կբողոքարկվի վերաքննիչ դատարան: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

Թե առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելիս հիմքում ի՞նչ է դրել, այս փուլում պաշտպանը չի շտապում բացահայտել: Նա ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, իսկ մեղադրանքի էությունը պաշտպանական կողմի համար անհասկանալի է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի գործի շրջանակներում, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ: Նշենք, որ ըստ Ռոբերտ Քոչարյանի մեկ այլ պաշտպանի՝ Ռուբեն Սահակյանի, այս ամենը պատվեր է, իսկ թե պատվերն ում կողմից տրվել, փաստաբանը չի մանրամասնել՝ փորձելով իր ավելի քան համեստ անձին հաղորդել կշիռ: Միևնույն ժամանակ Սահակյանը հայտարարել էր, թե նախաքննական մարմին գործի նյութերի մի մասը թաքցրել է և չի տրամադրում պաշտպանական կողմին, ինչով խախտում է զենքերի հավասարության եվրոպական կոնվենցիայով նախատեսված սկզբունքը:

Լրագրողների հարցին էլ ի պատասխան Հատուկ քննչական ծառայության լրատվականից ասել են, որ ՀՔԾ-ն առաջնորդվում է բացառապես օրենքով՝ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է՝ հետևաբար ավելորդ են համարում մեղադրանքի որոշման վերաբերյալ որևէ մեկնաբանում տալ:

                                                                                                                    Սոնա ԳԻՇՅԱՆ