Հառաջ դեպի քաղաքապետական ընտրություններ

Նախ թույլ տվեք ներկայանալ: Ես` Սէմուելս, թափառաշրջիկ ցեղատեսակի որձ շուն եմ, գտնվում եմ շնային ամենակենսական տարիքում: Ագարակում հաշվառված եմ որպես հետաքննիչ լրագրող, ճանաչում և հարգում եմ Երևանի բոլոր թափառաշրջիկ ազնվական շներին, արհամարհում եմ նրանց, որոնք միայն արտաքուստ են շուն. այսինքն` ունեն չորս ոտք, երկու ականջ ու մի պոչ, հաչելու խիստ մասնակի տաղանդ: Սեռային մի բան էլ կհիշատակեի, սակայն դա սովորաբար դառնում է բժշկական նշտարի զոհ:

Կարճ կապած` դրանք շուն չեն, տան կատու են: Անգամ ես ավելի խորքը կգնայի ու դրանց կորակեի փիսո, քանզի ո՞վ է տեսել, որ շանը պահեն տանը, անգամ տիրուհու գրկում, կերակրեն հատուկ, տնային շնիկի համար նախատեսված ամանից, լողացնեն շամպունով, բուրժուական կենցաղին վայել այլ բաներով: Այս ամենը դեռ հանդուրժելի է, բայց երբ շնակերպ այդ արարածների ծնունդն են նշում, մազերն են գանգրացնում, մեկ-մեկ էլ, ավելի լավ այս մի բանը չհիշեմ, մազերս բիզ-բիզ են կանգնում անզոր ամոթից:

Ի՛նչ եմ առաջարկում: Երևանի բոլոր տնային գլամուրված շներին ճանաչել persona non grata (այսինքն` անցանկալի չորքոտանի) և թույլ չտալ դուրս գալ փողոց, թրև գալ Կարապի լճի շրջակայքում, լիմոնադ լակել Սարյան փողոցի «Օպերայի Գուրգենչիկը» երկնագույն պանդոկում և այլն:

Առաջարկս ոչ միայն շնասիրական է, այլև իրավական հենք ունի: Չէ՞ որ մենք` թափառաշրջիկ շներս, չենք ներխուժում նրանց տները, մազերս չենք գանգրացնում և երբեք չենք քնում տանտիրուհու և տանտիրոջ արանքում` մտածելով, որ մարդ ես, մեկ էլ տեսար շնանալու ցանկություն ունեն, ու դու կարող ես լինել ակամա բաժանարար:

Խնդրում եմ, որ մայրաքաղաքի քաղաքապետի բոլոր թեկնածուներն իրենց նախընտրական ծրագրերում ներառեն առաջարկս: Ի վերջո «Շունը մարդու բարեկամն է» հին հունական իմաստությունը վերաբերում է միայն մեզ՝ ազնվացեղ թափառաշրջիկ շներիս, ոչ թե այդ հիբրիդացված անճոռնի, տնաբույս այլանդակներին, որքան էլ եվրոպաները ԼԳՏՊ-ների ծանոթ օրինակով պատրաստ են նրանց իրենց թևի տակ առնել:

Ի տարբերություն այդ տնաբույսների, մենք մեր հանապազօրյա կերը վաստակում ենք արյուն-քրտինքով, մաքրազարդում ենք Երևանի աղբակույտերը, բայց շատ հաճախ շնորհակալության փոխարեն ծեծվում ու ջարդվում ենք:

Հ.Գ. Այս աննախադեպ առաջարկին տեր կանգնող քաղաքապետի թեկնածուին ընտրական բոլոր տեղամասերում մենք կաջակցենք մեր զորակցող հաչոցներով, տեղ-տեղ անգամ օվացիայի վերածվող ոռնոցներով, իսկ մրցակից թեկնածուի առնչությամբ պարտավորվում ենք գործի գցել մեր ատամերը` դրանց ազդման գոտու մեջ առնելով ոչ միայն մրցակից թիմի անդամների սրունքները: Այնպես որ` հառաջ դեպի քաղաքապետական ընտրություններ: