Ձեր խոնարհ ծառայի՝ «Առանձնակի դաժանությամբ խաբվածները» նյութի հրապարակումից հետո, որտեղ Ալիկ Սարգսյանն իր ապշանքն էր հայտնում իր գարաժն ու իր հաշիվները, առանց իր գիտության, չարանենգորեն լցրած միլիոնների առթիվ, Հայաստանի տարածքում զարմանալի բան սկսեց նկատվել:

Զարմանալի աժիոտաժ է ու իրարանցում, զարմանալի խուճապ: Բոլորը ընկած իրենց գարաժների հիմքերն ու «յամեքն» են փորում: Տո ի՜նչ մենակ գարաժ, տան հի՜մքն են փորում, որ հանկարծ չըլնի՝ էն, ինչ Ալիկի գլխին սարքին-բերին, իրենց գլխին էլ բերած լինեն: Այսինքն թե՝ ԱԱԾ-ականները արկղերով փող փորած-դրած-թաղած լինեն, բայց իրենք բանից անտեղյակ լինեն: Ու «խեղճ» մեր միլիոնատերերը, իրենց գերդաստաններով, ամեն մեկը մի հատ քլունգ ու «լոմ» առած, ոմանք անգամ «եքա» բուլդոզերներ նստած, իրենց դղյակների հիմքերն են ահաբեկված քանդում. իրենցից թաքուն իրենց հիմքի տակը դրած «պադստավա՛» են փնտրում` տրոյական ձի՛: Չհաշված` որ ինչքան տատուց մնացած վերմակ-դոշակ կա, դրել-քանդել, բրդի մեջ «չարորակ» փող են որոնում…

Ըստ այդմ՝ կտրական վրդովմունքով դիմում եմ ԱԱԾ-ին. հերի՛ք է՝ էդ մարդկանց գլխին միլիոններով փող սարքեք: Թարկե՛ք աշխատանքի էդ արգահատելի եղանակը: Հերի՛ք է՝ միամիտ, բանից անտեղյակ, լրիվ տկլոր մարդկանց միլիոնատեր սարքեք: Իրանք չե՜ն ուզում, հասկանո՞ւմ եք, թե՞ ոչ: Իրանք դեմ են իրենց ունեցած էդ…փողին: Մարդիկ, հանգիստ, իրենց անկողնու մեջ քնած, քնից զարթնում, մեկեն հանպատրաստից միլիոնատեր դարձած են իրենք իրենց հայտնաբերում: Ախր էդ մարդիկ սթրես են տանում: Դուք հե՞չ խիղճ չունեք, բա որ ընկնավորվեն կամ շաքարը բարձրանա, տանելո՞ւ եք էդ հիվանդ մարդկանց՝ բուժեք:

Մանվելի գլխին սարքածը ձեզ հերիք չեղա՞ վ: «Խեղճ» մարդը քանի՜ անգամ հարցրեց, թե իր նկուղներում որտեղից էդքան զենք, բերք ու բարիք: Եւ ո՞վ իրեն գեթ մի  պատասխան տվեց: Ոչ ո՜ք: Մինչև օրս էդ մարդը գլուխ է կոտրում, թե որտեղից իրեն էդքան բանը, բայց ի՞նչ պատասխան գտնի, երբ ինքը չի ջոկում անգամ, թե որտեղի՞ց իրեն էդքան առանձնատուն, էդքան փող ու տարածք:

Կամ հիմա էս խուճապը ձեր դուրը գալի՞ս է, պարոն ԱԱԾ-ականներ. Մարդիկ գերդաստաններով ընկել, տների հիմք են փորում: Մարդ կա անգամ դրել «Վահագնի» թաղամասի իր առանձնատունն է քանդում:

Տնաքանդությո՜ւն է:

Կամ մի հատ չեք մտածո՞ւմ, որ էդ մարդիկ հո մի հա՞տ տուն չունեն, որ մի հատ փորեն, պրծնեն, խախանդվեն: Հազա՜ր տուն, օբյեկտ ու գարաժ ունեն, ո՞ր մեկը փորեն, ո՜րն հետաձգեն, ո՜ր մեկին առաջնայնություն տան: Քուն, դադար կորցրել, փոշոտ ու տլոտ գաստրաբայթեր են տնովին դարձել: Բա հիմա ո՞նց շուռ չգաս ու չհարցնես՝ Ձեր արած ֆոկուսը ձեզ դուր եկա՞վ, Նիկոլ: Սրա՞ համար արիք հեղափոխություն: Ուզում եք, երկրում ինչքան կարգին տուն կա, սաղ դնեն քանդե՞ն, ա՛յ տնաքանդներ:

Հարգարժա՛ն Նիկոլայ Վլադիմիրովիչ, Վլադիմիր Վլադիմիրովիչի վառ օրինակով, ուրեմն, մի հատ գնում եք «դեպքի վայր», էդ մարդկանց ձեռքից քլունգներն առնում ու հանրային սեփականությանը վնաս հասցնելու գործ եք հարուցում: Ինչ ասի՞ք: Հանրային սեփականություն չեն, այլ մասնավոր ե՞ն: Է հանրայնացրե՛ք, նո՛ր գործ հարուցեք…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ