Արագ գործելու մասին ժողովուրդը մեկ բանաձևում չէ, որ ունի: Հիշենք քնից շուտ զարթնողի, շուտ ճամփա ելնողի, շուտ ամուսնացողի, շուտ երեխա ունեցողի ու սրանց ընկերակցող այլ բնութագրականները: Իհարկե, պարզունակեցնելու դեպքում դրանք կարելի է հասցնել ապուշության, սակայն մեր ընթերցողը ողջամիտ հայն է, երկրի հոգսով ապրողն ու օրվա մեջ վաղվա անհամեմատ բարվոք կենսակերպ գծագրող, դրա համար հոգի ու կյանք դնող հայը, ուստի տարընթերցումների տագնապ չունենք: Սակայն այս բանաձևումների կողքին մի այլ կարգի մյունհաուզենություն է, երբ մարդը շարունակում է ապրել անժամանակության մեջ՝ այդպես էլ չհասկանալով, որ օր կա՝ տարի է կերակրում ու ամպեղեն գաղափարներին ապավինած, սակայն այդպես էլ կոնկրետ քայլեր ձեռնարկելուն միտվածությունից կտրված պահվածքով ոչնչի չես կարող հասնել:

«Սևան ստարտափ սամիթ 2018»-ի փակման արարողությանը ելույթ ունեցած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «ես երազում եմ»-ների շարքով սրտանց, անմնացորդ անկեղծացել է մասնակից երիտասարդների առաջ՝ մոռանալով, որ արդեն երեք ամսից ավելի է, ինչ Երկրի նախագահն է, ու շատ զիլ բան արած կլիներ, եթե այս ընթացքում այդ նույն երկրի համար ինչ-որ բան երազանքից գործի վերածած լիներ: Թե չէ՝ «ես երազում եմ»...

Եղբայր, օր առաջ լուրջ երկիր դառնալու, իսկ եթե կուզես նաև աշխարհի հզորների մոտ կռվան լինելու համար հողը ոտքերիդ տակ պիտի այրվի գաղափարների առատությունից, դրանք հղացման պահից իսկ արդեն գործի վերածելու ժամանակի սղությունից, քիթ սրբելու ժամանակի բացակայությունից:

Չպե՛տք է ապրել իրականությունից կտրվածի կյանքով, արծաթե սկուտեղով ամեն ինչ մատուցված տեսնելու երազանքով: Գո՛րծ արա՝ գործդ տեսնեմ, գամ դռանդ չոքած հլու ծառա լինեմ, որ էս երկրի մատից ժամ առաջ մի փուշ էլ հանած լինենք, մի օրով էլ մեր բոլորի երազանքի Հայաստանը մոտեցրած լինենք, թե չէ «ես այստեղ եմ այժմ, որպեսզի ձեզ ասեմ. երազեք համարձակ, ծրագրեք եւ դուք կհասնեք ամեն ինչի: Սակայն մի բան կա, որ պետք է միշտ հասկանալ, դուք կարող եք երազել ու ծրագրեր կազմել, բայց չեք կարող ամեն ինչ ծրագրել ձեր կյանքում, քանի որ կա Աստծո գործոնը եւ ընդհանրապես կարեւոր չէ, թէ որ Աստծուն եք դուք երկրպագում»:

Էն, ինչ որ խոսքի վերջնամասում բլղրդել եք, թողնում եմ ձեզ ու ձեր մեկնաբանությանը, որ բարձրաձայնելու դեպքում հաստատ սկսելու եք «թյուր ընկալում կա» բառակապակցությունով, սակայն, կներեք, անգլիաներից եկել-հասել եք այստեղ, որ ասեք՝ «ընդհանրապես կարեւոր չէ, թէ որ Աստծուն եք դուք երկրպագում»: Թե չէ ստացվում է համարյա «Նվագախմբի տղաների» Զավենի ասածի պես. «Չհասկացա՛նք, դու մուզիկա՞նտ ես, թե կնկա բժիշկ»: Բնականաբար, մի փոքր այլ տարընթերցմամբ:

                                                                                                         Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ