«Մենք մի ընտանիք ենք, մի միասնական բարեկամական ընտանիք ենք, որ ունի մեկ հայր՝ Սերժ Սարգսյան» (ընդգծումը՝ Գ.Ս.)։

«Ուսանող էինք. երրորդ կուրս էի… Այն ժամանակ արդեն ուսանողական շարժման լիդերներից էի, և մենք նախագահական նստավայրի մոտ ուսանողական մեծ ակցիա իրականացրինք. տասնհինգ հոգով հացադուլ արեցինք: Ես էլ նստեցի հացադուլի և քառասունութ ժամ հացադուլ հայտարարեցի: Շատ էրեխեք եկել էին, որպեսզի մեզ երկրպագեն»:

Էդուարդ Շարմազանով՝ «Մեմուարներ»

Ի՜նչ ես ուզում, 48 ժամ մարդը հաց չկերավ՝ մինչև խոր ծերություն իրա հացն ապահովեց: Չհաշված, որ էդ հացադուլային սխրանքի պատվին իրեն բանակից լրիվ ազատեցին, «պարտիական տոմսը» ջեբը դրին, մեդալ տվեցին:

Ի՜նչ ես ուզում, մարդն առանց բանակ գնալու, առանց ծառայելու՝ Գարեգին Նժդեհի մեդալ է ստանում, Անդրանիկ Օզանյանի մեդալ է ստանում, ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ է դառնում, «ուս ուսի տված»՝ իր գործընկերների հետ խորհրդարանը գցում է շատ անմխիթար վիճակ՝ տեղում Մխիթար Գոշի մեդալ  ստանում:

Բայց ստեղ մի չնչին պրոբլեմ կա: «Դիետայի վրա» եղած շատ կանայք, որոնք, ի՜նչ 48 ժամ, շաբաթներո՜վ են հացադուլ անում, լսելով Շարմազանովի 48 ժամյա «սխրանքի» մասին, ուզում են գան ու ՀՀԿ-ից իրենք էլ մեդալ ստանան,  ՀՀԿ-ից դիրք ու պաշտոն ուզեն: Ու հիմա ո՜նց են մղմղում մեր էդ «դիետայի վրա նստած» խեղճ կանայք, քանզի ՀՀԿ-ի ուրբաթը մի օր շուտ եկավ իրա շաբաթից:

Ուրբաթը՝ 2018-ի հուլիսի 27-ը, հա՛, եկավ, բայց պարոն Շարմազանովին ոնց որ թվում է, թե դեռ անցած էն շաբաթ օրն է՝ 2008-ի մարտի 1-ը: Իրեն թվում է, թե հիմա էլ մարդկանց մեջ կռիվ կգցեն ու պղտոր ջրում նորից ոսկե ձկնիկ կբռնեն, ու էս ոսկե ձկնի՛կն էլ իրենց էլի մեդա՜լ կտա, էլի պաշտո՜ն կտա: Թե չէ հացադո՜ւլ՝ 48 ժամյա՜: Այ 48 ժամյա հացադուլի «զո՛հ», ողջ ազգի կեսը, եթե «նիսիայով» առևտուրն արգելես, 48 ժա՜մ չէ, 48 օ՛ր ճարահատ պիտի հացադուլ անի: Ու էդ վիճակը հենց ձե՛ր շնորհքն է, ձեր «նոու-խաո՜ւն»:

Խուլ-խուլ թաղ ու գեղերի խանութներում եղած «նիսիաների սև ցուցակները», որպես ձեր միակ «բարձր, շա՜տ բարձր տեխնոլոգիական թռիչք», պիտի Գիննեսի գիրքը մտցնենք ու ձեր աչքը կոխենք, որ շաշանաք ու էլ ոչ ՀՀ-ի, ոչ էլ Արցախի պետականությանը սպառնացող վտանգից երբեք չխոսեք: Քանզի հենց խոսեք, կասեն հերիք է՝ էլի շաշ-շաշ խոսեք: Թեպետ արդե՛ն իսկ սկսել էիք շաշ-շա՜շ, խև՜ խոսել՝ հպարտանալով, որ ձեր «ընտանիքը բարեկամական է» և «ունի» մե՛կ հայր: Ա՛յ Գալուստ Սահակյանի իսկակա՛ն կուսակից, նորմալ ընտանիքը «սովորաբար» մինիմում իրար բարեկամ, մաքսիմում հարազատ մարդկանցից է լինում: Կամ մեկ հա՞յրը որն է, երկրորդ ու երրորդ հայր է՞լ կարող է ընտանիքում լինել: Թշնամի՜դ երկրորդ, երրորդ հայր չունենա:

Կամ եթե Սերժը ձեր «հայրն» է, ապա Քոչարյա՞նն ով է, որին դրել, էդպես թունդ պաշտպանում եք:

Ախ հա՜, կռահեցի՜. Սերժ Սարգսյանը «հայրն» է, դուք՝ «որդին», իսկ Քոչարյանին էլ, բնականաբար, մի թափուր տեղ է մնում՝ «սուրբ հոգին»… Կռահածս, ավաղ, մի թերություն ունի, ավելի ճիշտ՝ երեք, է՛լ ավելի ճիշտ՝ չորս, ես կասեի՝ հինգ. «հայրը» կակղամորթ է, «հորեղբայրները»՝ գռփող, «հորեղբորորդիները»՝ նարկոբարոն, «որդին»՝ անառակ, «հոգին» էլ սուրբ չէ… Ու էս «կամպանիայով» հիմա ելել ու ազգի, ՀՀ-ի, Արցախի անունի՞ց եք առանց պատկառանքի, բայց պաթոսո՜վ խոսում:

Կամ դու ո՞վ եղար, տղա՛, բանակ չգնացած, «տունը մնացած» մամայի՛ բալա, որ ՀՀ-ի անունից, Արցախի անունից ՀՀ-ի ու Արցախի պետականության վրա էդպես նվնվաս ու բայղուշություն անես: Էդ կնկա «խասյաթդ» էլ, գիտե՞ս, ինչից է: Ապրե՛ս, բանակում չծառայելուցդ է: Դու ՀՀ-ին ու Արցախին հարցրե՞լ ես, որ իրենց անունից իրենց վրա էդպես բայղուշություն դնես: Թե՞ քեզ հենց ձեռնտու ու ցանկալի է, որ Հայաստանի, Արցախի պետականությանը վտանգ սպառնա, որ ձեռներդ շփես ու համատարած խուճապի մատնած, նորից «դինամիտից» լրիվ խլացած, լրիվ մոլորված ձուկ բռնես, խժռես: Հա՛, դու ու ձերոնք, ձեր խաղերն էդ տալով, ուղղակի «դինամիտ» եք ուզում ծովը նետել ու մարդկանց էդպես խուճապի մատնել, լրիվ շշմեցնել, քանզի շշմածին հեշտ է կառավարել:

Եւ, առհասարակ, պարոնայք ՀՀԿ «ազգի ձկնորսներ» ու «որսագողեր», մի հատ պետք է ձեզ շա՜տ հանրամատչելի բացատրել, որ «ՀՀԿ»-ի մեջ եղած էդ «ՀՀ»-ն բնավ էլ Հայաստանի Հանրապետությունը չէ: ՀՀԿ-ի մեջ եղած էդ «ՀՀ»-ն էն «հը՛-հը՛»-ն է, որով ուղիղ 20 տարի դուք հռհռում էիք ձեր հալածած էս հեգ ժողովրդի վրա: Դե ինչ, ինչխօր չքնաղ Ֆռունզի չքնաղ պերսոնաժ «Հըռուբենը» կըսեր, «աշխարհը կլոր է» ու «ըդիկ մե հատըմ արտասահմանցի է ըսե»: Ի՞նչ եք ուզում. հիմա էլ ՀՀ՛-ն է 20 տարի զսպած իր ահեղ «հը՛-հը՛»-ն ձեզ վրա դրել…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ