Նիկոլաորսը պաշտոնապես ազդարարված է

‹‹Ասեմ կրկին ու միանգամից: Արցախը Հայաստանի Հանրապետություն չէ, ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է››:

Արմեն Աշոտյան, երդվյալ երիտհանրապետական 

Վերստին ասենք և անմիջապես գիտցեք հայեր, գիտակցեք արցախահայեր՝ Աշոտյանն արդեն վաղուց (2018-ի ապրիլի 23-ի 2-րդ կեսի մոտավորապես 16 անց 45 րոպեից) Ազատիչի փառքը ղողանջեցնող, նրա ներհայաստանյան-քաղաքակրթական մեծագործությունները հռչակագրող և, իհարկե, երրորդ նախագահի «պիստոնչիկից» այդ ամենն իրականացնող սափրագլուխ-գանգուրամիտ քաղաքական պայթուցիկը չէ: Հայաստանին համակած հեղափոխական զարգացումների արդյունքում նա հայտնվել է որոնումների գործընթացում և ճանապարհ է հարթում ուղիղ դեպի Փաշինյանի ձախ ծոցագրպանը: Բնավ էլ պատահական չէ, որ սույնի մեկնարկը տրվել է Արցախում: Դա  արված է ակնհայտ միտումով, զի Աշոտյանի դարակազմիկ ախոյանն Արցախից ոչ պակաս պանծալի երկրամասից քնած չէ, իսկ Նիկոլի ձախ և աջ ծոցագրպանների  տարողությունն անսահմանափակ չէ: Էլ չենք ասում «պիստոնչիկինը»:

Ով է Աշոտյանի ախոյանը՞:
Մի՞թե սա անհեթեթ հարց չէ, պահն իր ողջ ծավալայնության մեջ չընկալելու արդյունք:
Ուրիշ էլ ո՞վ կարող էր լինել նա  Սյունյաց տիար «արծիվ» Խաչիկ Ասրյանից զատ:
Դե ինչ՝ նիկոլաորսը պաշտոնաապես ազդարարված է, տեսնենք Աշոտյանի լերկ գանգը կդիմանա՞ երիտհանրապետականների թևի մեկ այլ  «պանծալի» ներկայացուցչի՝ Խաչիկ Ասրյանի ամեհի կտցահարումներին: