ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը facebook-յան էջում գրում է. «Անկեղծ ասած չեմ ուզում ձանձրացնել ոչ առողջապահական գրառումներով, բայց չեմ կարող լռել մի դեպքի մասին։ Ու այո, ինչպես ասել էի, մենք հատուկ չենք փնտրում ու գտնում պետական միջոցները գողացողներին կամ փոշիացնողներին, այլ դա ստացվում է, որպես կողմնակի էֆեկտ մեր՝ օրինականության հաստատմանն ուղղված գործողությունների։ Տասնյակ տարիներ մի կահույքի արտադրամաս և պահածոների գործարան ջուր են գողացել Նուբարաշենի հոգեբուժարանից։ Դրա մասին ես սկսեցի կասկածել, երբ այդ բուժհաստատության նորանշանակ տնօրենը ինձ հայտնեց, որ ջրի մեկ ամսվա վարձը կազմել է 2 մլն դրամ, այն դեպքում, որ մեր հաշվարկներով այն չպետք է գերազանցեր մոտ 400.000-ը։ Բուժհիմնարկը իր սուղ միջոցներից վճարել է գողացված ջրի համար։ Պացիենտների խնամքի և բուժման համար նախատեսված միջոցները վերածվել են թանկարժեք կահույքի և պահածոների։ А вам слабо? Ստորև տեսե՛ք ջրի համար վճարված գումարները ըստ տարիների։ 2014 թ 9,844 մլն 2015 թ 9,370 մլն 2016 թ 9,030 մլն 2017 թ 16 ,846 մլն 2018 թ 10,212 մլն (հունվար֊ հունիս) Ոստիկանությունը տեղեկացված է և զբաղվում է այս գործով։ Հուսով եմ կկարողանանք վերականգնել տասնյակ միլիոնների հասնող վնասը, իսկ մեղավորները կպատժվեն»։ 

Henq.am  
Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: