ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իր բոսի և՛ քրեական գործը, և՛ կալանավորումը բացարձակապես ապօրինի են, ակնհայտ քաղաքական ու անձնական հետապնդում։

«Սա այն է, ինչը վերջերս մոդայիկ բառով ասած՝ կոչվում է վենդետա։ Սա չի տեղավորվում որևէ իրավական դաշտում և չունի իրավական հիմնավորում։ Այս գործը որևէ կապ չունի մարտի 1-ի 10 զոհերի գործի բացահայտման հետ։ Հայաստանի պատմության համար այսչափ կարևոր գործը՝ Մարտի 1-ի գործը, քաղաքական նպատակների պատանդ է դարձել։ Քաղաքական իշխանությունների հայտարարություններն ու գործողությունները տրամաբանորեն տարբերվում են իրարից։ Քրեական գործը սարքվել է նրա դեմ և կապ չունի ՀՀ օրենքների հետ։ Այն ոտնահարում է ՀՀ Սահմանադրությունը։ Մենք պահանջում ենք ազատ արձակել նրան, փոխել խափանման միջոցը և այս գործը բողոքարկելու ենք մինչև վերջ», -խրոխտ ասել է Վիկտոր Սողոմոնյանն ու սիգաճեմել ասուլիսի վայրից։

Մեր վստահելի աղբյուրները տեղեկացնում են, որ Վ. Ս.-ի մամլո ասուլիսից հետո ինֆարկտային վիճակ է ՀՀ կառավարությունում, իսկ իրավական ոլորտի կառույցների գործունեությունը կաթվածահար է, երկրում բացահայտ շոկային տրամադրություններ են: Սակայն այնուամենայնիվ մի հարց է անպարզ մտնում՝ Մարտի 1-ի գործը որակելով որպես Հայաստանի պատմության համար այսչափ կարևոր գործ՝ անչափ սկզբունքային Վիկտոր Ս.-ն այդուհանդերձ որպես ՀՀ օրինապաշտ քաղաքացի ինչո՞ւ չի բարձրաձայնում, որ երբևիցե գոնե փոքր իսկ ակնարկ է արել այն բացահայտելու կարևորության մասին: Ի՞նչ է՝ սկզբունքայնությո՞ւնը չի հերիքել, թե՞ այդպիսին է եղել տերերի պահանջը:

                                                                                                                                            Henq.am