Հայկ Ա. Մարտիրոսյանն իր  facebook-յան էջում գրում է. «Քոչարյանը տաս անգամ ավելի ժամանակահատվածում տաս անգամ ավելի ինքնակործան հիմարություններ խոսեց, քան այն ինքնակործան հիմարությունները, որ Սերժ Սարգսյանը թույլ տվեց իրեն Մարիոթում: Նախ՝ որևէ բանական գործիչ իրեն մեղադրանք առաջադրվելուց անմիջապես հետո հարցազրույց չէր տա, որովհետև դա օգտագործվելու է հենց իր դեմ: Ապա՝ չէր հերքի փաստերը, որոնք անհերքելի են և ավելի են հասարակական համոզում առաջացնում, որ առաջնային մեղավորն ինքն է: Երրորդ՝ առաջին անգամ Քոչարյանը մատնեց, որ երկրի «միակ տղամարդը» այլևս այդքան էլ տղամարդ չէ և խուճապի մեջ է, չի հավատում իր հետ կատարվողին: Եվ որ մեծապես վախեցած է ու փորձում է ինքնարդարացնող խոսքերով փրկել ինքն իրեն: Հասարակությանը հենց միայն այդ մարմնի լեզվին հրապարակայնորեն ականատես դարձնելու համար պետք է շնորհակալ լինել Քոչարյանին, որով հենց ինքն է նպաստում իր կերպարի վերջին ծվենների ոչնչացմանը: Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա սա վճռական ջրբաժան է: Եթե հետագայում Քոչարյանին բաց թողնեն, կամ դատական իշխանությունը, որ հիմա այլևս անկախ է գործադիրից, բայց դեռևս կախված է սեփական անմաքրությունից, թեկուզ գրավի դիմաց ազատ արձակի նրան, և կամ Քոչարյանը, երկարատեև դատական պրոցեսի արդյունքում չդատապարտվի՝ ապա դա կլինի իշխանության կողմից ինքն իրեն վնասելու աննախադեպ քայլ: Բացի դա՝ հիմա արդեն պարզ է, որ պետք է ձերբակալվի Սերժ Սարգսյանը նույնպես: Եվ եթե դա չարվի արագ և կտրուկ՝ ապա նույնպես կարող է բազում հարցերի տեղիք տալ: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ իրավական պատասխանատվության պետք է կանչվի Լևոն Տեր-Պետրոսյանը ևս: Վերջապես Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր, ներառյալ այսօրվա ողբերգությունները նրա մեղքով են սկիզբ առել: Հնարավոր հոդվածները շատ են. սկսած տնտեսական թալանից, վերջացրած պետական դավաճանությամբ, ընտրությունների կեղծմամբ և սահմանադրական կարգի տապալմամբ, երբ առաջին անգամ նոր պետության երկրորդ նախագահ ընտրված մրցակիցն այդպես էլ չստանձնեց պաշտոնը: Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրանքի առաջադրումն այս պահին դեռևս կասկածելի է թվում: Բայց եթե պատասխանատվության կանչվեն երկրորդ և երրորդ նախագահները, իսկ առաջինը զերծ մնա դրանից, ապա դա նույնպես կարող է բարոյական հարված հանդիսանալ իշխանության համար: Եվ այդ հանգամանքը առաջիկայում ձևավորվելիք ընդդիմությունը հաստատ օգտագործելու է: Երեք նախագահներն էլ հավասարապես իրենց պատասխանատվությունն ունեն Հայաստանի այսօրվա վիճակի համար և երեքն էլ հավասարապես պետք է կանգնեն օրենքի առջև»:

Henq.am  
Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: