Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որով իր խորը մտահոգությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործի և կալանավորման միջնորդության առիթով։ «Առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն, իսկ իրավական տեսակետից անհեթեթ է», -նշվում է հայտարարության մեջ։

ՀՀԿ-ն ստեղծված իրավիճակը համարել է սպառնալիք Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և հարված` լիարժեք իրավական պետության կառուցման գործընթացներին: «Քաղաքական շարժառիթներով հարուցված քրեական գործը և առաջադրված մեղադրանքը վտանգի տակ են դնում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականությունը։ Արցախյան հիմնախնդրում աներկբա հաստատակամություն ցուցաբերած նախկին գերագույն գլխավոր հրամանատարին և արցախյան ազատամարտի հաղթանակի վճռորոշ դերակատարներից մեկին օրինականության սկզբունքի հետ որևէ ընդհանրություն չունեցող շինծու և արհեստական մեղադրանքի առաջադրումը դիտում ենք որպես Արցախյան հիմնախնդրի շուրջ տարիներ շարունակ առկա մոտեցումներից արմատապես տարբերվող հնարավոր զարգացումների ընդդիմախոսներին լռեցնելու փորձ», -ասվում է հայտարարության մեջ։

Հետաքրքիր է, որ այստեղ էլ ոչ մի բառ չկա քոչարյանական իշխանության տարիներին բյուջեի անխնա լափումներից, բուռն ծավալում ստացած արտագաղթից, որ հաստատ լավ օրից չէր արվում, երկրում ստեղծված ամենաթողության վիճակից ու ուրիշ շատ ու շատ այլ բաներից, որ երկիրը բերին հասցրեցին այս օրվան: Ակնհայտորեն ինչպես որ փառք… Դաշնակցությանը, նույնպես ու նույնքան փառք ՀԿԿ-ին՝ ժողովրդի յոթ կաշին հետևողականորեն քերթած կուսակցախմբին:

                                                                                                                                    Henq.am