-Կոռուպցիայի հետ կոմպրոմիսներ չեն լինի, -կառավարության նիստում ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս շեշտադրումը, անշուշտ, ուղղված էր նախկին իշխանություններին և կաշառակերությունը փեշակ դարձրած պետական պաշտոնյաներին, որ վերջիններս ևս մեկ անգամ ֆիքսեն՝ նոր կառավարությունը ետ չի կանգնելու իր սկսած գործից, և սենսացիոն բացահայտումները շարունակական բնույթ են կրելու։ Մանավանդ որ բացահայտելու շատ բան կա ու բոլոր ուղղություններով կա:

Վերջին զարգացումներից պարզ է դառնում, որ հատկապես առանձնակի խոշոր չափերի են հասնում և, դեռ որոշակի դրսևորումներ են ունենում, պաշտպանության ոլորտում կատարված հափշտակությունները, որի ցավալի հետևանքներին մենք արդեն ականատես ենք եղել ապրիլյան քառօրյայի օրինակով՝ հարյուրավոր զոհեր, տարածքային կորուստներ ու արդարության սպասող որդեկորույս ընտանիքներ:

Նախկին իշխանությունները, տարիներ շարունակ, իրենց հանցավոր գործունեությունը թաքցնելու և սոցիալական ծանր պայմաններում հայտնված ժողովրդի արդարացի բողոքը զսպելու համար պարզաբանում էին, որ մեր երկրի ֆինանսները սահմանափակ են, և այդ սուղ միջոցները, առաջին հերթին, պետք է ուղղվեն զինված ուժեր՝ պաշտպանության բանակ, քանզի մեր գլխին ամեն պահի վերսկսող պատերազմի վտանգն է կախված։ Բայց հարյուրավոր երիտասարդ կյանքեր խլած պատերազմը լավագույնս բացահայտեց, որ պետության «համեստ» պաշարները ուղղվել են ոչ թե բանակ, այլ մի քանի տասնյակ՝ հարստանալու տենդով վարակված, բարձրաստիճան ջեբկիրների գրպաններ, որոնք երկրի պաշտպանությունը վտանգելով, զբաղվել են սեփական միլիոնները կրկնապատկելով։ Պաշտպանության կոռումպացված գեներալիտետի ագահության պատճառով և բանակի թերի սպառազինության արդյունքում ունեցանք ոչ միայն մարդկային բազմաթիվ զոհեր, այլ նաև 800 հա տարածքային կորուստ, որի մասին վերջիններս նախընտրում են չմանրամասնել կամ հարցը շրջանցել։ Ավելին՝ երկրի առաջին դեմքը հպարտությամբ և առանց խղճի խայթի միջազգային հարթակներից հայտարարեց, որ թշնամուն դիմակայել են գրեթե անզեն 18-ամյա պատանիները, որ մնացել էին մեն-մենակ ազերիական հզոր ռազմատեխնիկայի առջև։ Դեռ այդ օրերին՝ աղմկահարույց բացահայտումներից հետո, հասարակությունն սպասում էր, որ վերջապես կկիրառվեն պատժամիջոցներ և կդատապարտվեն մեղավորները, որը, միգուցե, մեղմեր ժողովրդի զայրույթը, սակայն, ինչպես ամեն անգամ, ոչ մի բարձրաստիճան զինվորական քրեական հետապնդման չենթարկվեց, որևէ մեկը պատասխանատվություն չկրեց։ Բավարարվեցին միայն մի քանի պաշտոնանկություններով, որ պաշտոնաթող գեներալները հանգիստ վայելեն տարիների կուտակածը և տեղ-տեղ էլ պարծենան հայրենիքին մատուցած «անգնահատելի» ծառայություններով։ Եվ ուրեմն պատահական չէ, որ նման արհամարհանքի արժանացած և հեղափոխություն իրականացրած ժողովուրդը ակնկալում է, որ վերջիններս չեն կարող արդարադատությունից խուսափել պարզապես թալանածը վերադարձնելով՝ նրանք պետք է կանգնեն դատարանի առջև և կրեն իրենց արժանի պատիժը:

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ