«Մենք առաջնորդվում ենք Հայաստանի ազգային շահերով և ասել ենք, որ մեզ համար ԵԱՏՄ անդամ լինելը և հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը շատ կարևոր է, ու ամեն ինչ անելու ենք այս ուղղությունը զարգացնելու համար: Ռուսաստանի դեմ չենք արել ոչ մի բան, և հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնությունն էլ մեր դեմ ոչինչ չի արել, -ասել է վարչապետ Փաշինյանը Սանկտ֊Պետերբուրգում հյուսիս-արևմտյան տարածաշրջանի մի քանի տասնյակ հայ գործարարների հետ հանդիպմանը: -Այո, ՌԴ-ն գերտերություն է, սա չենք դնում հաշվարկից դուրս, բայց հարաբերությունների իրավահավասարության սկզբունքը շատ կարևոր է: ՌԴ մեր գործընկերների հետ հենց առաջին շփումների ընթացքում եղել է արձանագրում, որ ՌԴ-ն բացառիկ հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնիշխանությանը: Ոչ մի խոչընդոտ չկա հարաբերությունների զարգացման մեջ»:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը՝ շեշտելով, որ պրոցեսի մեջ ոչ մի արտերկրյա ուժ ներգրավված չի եղել. «Սա ասել եմ շփումների ընթացքում և հպարտ եմ դրա համար. սա ինձ համար նաև անձնական արժանապատվության հարց է: Մենք մեզ նվաստացած կզգայինք, եթե պարզվեր, որ ինչ-որ մեկը եկել ու մեր երկրում հեղափոխություն է արել»:

Խոսելով նաև էներգետիկայի և գազի ոլորտներում ՌԴ-ի հետ հարաբերություններում Հայաստանի շահերի մասին՝ վարչապետը մասնավորապես նշել է, որ էներգետիկ ոլորտում միջազգային գործընկերների հետ հանդիպումներում երբեմն Հայաստանի շահերն արհամարհվում են. «Պարզվում է, որ որևէ էներգետիկ ընկերություն ցանկանում է օբյեկտ կառուցել Հայաստանի ժողովրդի հաշվին, ասում է, որ արտադրած էլեկտրաէներգիան պետք է արժենա երկու դրամ, բայց իրականում դա պետք է արժենա մեկ դրամ, հետո ասում է, որ Հայաստանը պետք է պարտավորվի 20 տարի այդ էլեկտրաէներգիան գնել: Պարզվում է, որ Հայաստանում գտնվել են մարդիկ, որոնք այդ թուղթը ստորագրել են ու համաձայնության են եկել: Ակնհայտորեն Հայաստանի շահերն այս հարցերում արհամարհված ենք»:

Փաշինյանը նշել է, նաև որ ՌԴ գործընկերները երբեմն զարմանում են իր տված տեղեկատվության վրա: «Երբ նրանք ասում են, որ ՌԴ-ն Հայաստանին ամենաէժան գազն է վաճառում՝ սահմանին 150 դոլարով, ես ասում եմ, որ ՀՀ քաղաքացին համաձայն չէ այդ կարծիքի հետ, քանի որ մարդկանց տներ այն մտնում է 300 դոլարով: Նրանք զարմանում են, թե ինչպես կարող է նման բան լինել, իսկ ես ասում եմ, որ նման բան կա: Հայաստանում գազալցակայանների պաշտոնական շրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ կրկնակի ավելացել է: Փոխվել է այն, որ զգացել են, որ իրենց հետևում են: Պետք է այդ հարցերով զբաղվենք և զբաղվելու ենք»:

Վարչապետը վստահեցրել է՝ այնտեղ, որտեղ Հայաստանի շահը պահպանված չէ, ուղղակի կկանգնեցնեն պրոցեսները՝ որևէ մեկին թույլ չտալով Հայաստանի շահն արհամարհել։

                                                                                            Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ