«Սիցիլիական պաշտպանությունը ռազմատենչ բնույթ ունի: Շատ տարբերակներում սևերը պայքարում են ոչ միայն հանուն հավասարության, այլև հանուն գերակշռության: Թերությունն այն է, որ սպիտակները հաճախ իրենք են ստանում նախաձեռնությունը, այնպես որ սևերին հարկ է հոգալ այն մասին, որ իրենց սրընթաց գրոհի զոհը իրե՛նք չդառնան»:                         
                                                                              Ջոն Նանն, անգլիացի գրոսմայստեր

Մի խոսքով, սևերը, նախահարձակ լինելով, «տեռոր» են անում, ահաբեկություն: Այս պաշտպանությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախասիրած պաշտպանությունն է: Երբ պետության գլուխ էր, պետական տեռոր էր անում, հիմա գլուխը սափրվելու շեմին է, իր գլխին է տեռորն էդ անում, անհատակա՛ն տեռոր: Զարմանալի մի զուգադիպությամբ՝ պաշտպանությունն այդ «սիցիլիական» է կոչվում, որով առավելս է Ռոբերտ Քոչարյանի ուշադրություն գրավում, քանզի Սիցիլիան իր սիրած  ու  մեր երկրում մեծ սիրով զարգացրած մյուս բանի՝ մաֆիայի հայրենիքն է: Արդյունքում՝ իր օգտագործած տերմիններն էլ են սիցիլիական ծագմամբ: Խնդրեմ.
      -Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, վենդետա է «թավշյա» հեղափոխության սիրո և, ոնց է՞ր…

Ու ստեղ, ոնց որ իր մյուս «անմեղ» տրտնջացող կուսակիցները, ինքը նույնպես ուզում է հիշել «հանդուրժողականություն» բառը՝ դրանով հիշեցնելով նաև, թե՝ «Բա ասում էիք՝ մեզ ձեռք չե՞ք տալու, բա ասում էիք՝ խելոք հեռացեք՝ ձեզ բան չե՞նք ասի. խելոք հեռացանք, բայց բան եք ասում, որպես վկա կանչում, տեղում մեղադրյալ վերաորակավորում»…

Ահա հենց սա է իր ակնարկածի պարտակ տողատակը:
Հարցնում եք, թե որտեղ նկատեցի իր արած տեռո՞րը: Խնդրե՛մ: Ինքը հանրությանը շատ նո՜ւրբ ակնարկում է նաև, որ իրեն հենց ձեռ տվին, ինքը կռիվ կգցի, անգամ պատերազմ կսադրի: Մինիմումը՝ քաղաքացիական: Ինքը չի հիշում մարտի 1-ի ոչ մի անմեղ զոհի անուն: Իր ինչի՞ն է դա պետք: Իր հոգսն ու դարդը դրանք չեն: Ինքը վախվորած, թուքը կուլ տալով, բայց, միաժամանակ, նախահարձակ լինելով, հասկացնում է՝ իրեն կպան, ինքը ոչ բերան կփակի, ոչ «կամպրամատի տոպրակ», ինքը գնաց՝ իր հետ էնքա՜ն մարդ կտանի: Եւ ուստի իսկույնևեթ էլ հուշում է, թե կոնկրետ ո՛ւմ իր հետ սիրո՜ւն կտանի: Հլա լսեք՝ ինչ «լացացնող» ու անսպառ ձեն ունի.

       -Ստացվում է, որ 21 ու կես տոկոս հավաքած Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ էության, հաղթել է 2008 թվի ընտրություններում…
     -…Ես երբեք չեմ մտածել, որ մեր իրականության մեջ կարելի է այսպիսի շինծու գործ հարուցել…
       -Սահմանադրական կարգն ենք ապահովել: Ես՝ իբրև գործող նախագահ, սահմանադրական կարգի կրողն էի, և այդ սահմանադրական կարգի (էստեղ իր ծիծաղն էլ է իր ասածի վրա գալիս՝ Գ.Ս.) երաշխավորն էի, ես ինքս ինձ տապալել եմ, ինչ-որ տարօրինակ ձևով, և այդ տապալմանը մասնակցել է բանակի… ը՜…ը՜… վերնախավը…

Հասկացա՞ր, ժողովուրդ, թե ի՜նչ անզուգական վարպետի հետ դու գործ ունես: Սադրանքի՛ անզուգական վարպետի հետ, ով ակնարկում է, թե՝ «հլա փորձեք՝ ինձ կպեք, ինձ կպաք բանակին էլ եք կպչում»… Էս եղանակով ինքը երևի հույս է փայփայում, որ բանակին հանի ժողովրդի դեմ, ժողովրդին՝ բանակի: Ու հետն էլ ահ է տալիս, թե՝ «այդպես պետականության հիմքի հետ եք խաղում, պետականություն եք այդպես խարխլում»: Մի խոսքով՝ «ինձ կպաք կռիվ կգցեմ, սաղի՜դ հետս կառնեմ-կտանեմ»: Հետն էլ, իր հետ «առնելիք-տանելիքի սև ցուցակի» մեջ է շատ զգո՜ւյշ, շատ աննկա՜տ տեղավորում նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Սահմանադրական դատարանի ողջ կազմը, քանզի դրանք իր արածները համարել են սահմանադրական: Մի խոսքով՝ իրեն «կամպանիա» է ձեռի հետ դրստում, որ եթե պիտի իրեն բռնեն, ապա ստիպված լինեն դրանց էլ բռնել: Ինչքան շատ իրենից զատ բռնելու ուրի՛շ թեկնածու, էնքան շատ շանս, որ ինքը մենակ չի մնա, ու իրեն բռնողներն արդեն զահլա չեն անի ու ռիսկ չեն անի՝ էդքան մարդ բռնեն…

…Ու ամենատխուրն էլ այն է, որ այս ողջ իր լարախաղացության տակ ինքը արհեստավարժորեն թաքցնում է ամենագլխավորը՝ իր ոտքերի տակի… բարակ պարանը: Այսինքն ինքը ցրում, մոռացնել է տալիս ամենագլխավորը. իրեն կանչել են, որովհետև ինքը, որպես էն ժամանակվա գերագույն հրամանատար, հրաման է տվել… մարդ կոտորելու: Ու հենց էս կես տողից սկսելու տեղակ՝ ինքը ընկնում է էս-էն չոլերը, դեպի Լևոնի հավաքած-չհավաքած տոկոսների կողմերը լսողներին տանում, բուն ճամփից շեղում, լարխաղացությունից անցնում յալանչության (որին համապատասխան էլ շոր էր հագել), յալանչությունից անցնում է լարախաղացության:

Գիտե՞ք՝ ինչու է ընկնում չոլերը, որ մեզ՝ լսողների՛ս էդ չոլերը տանի ու էնպես մոլորեցնի, որ մենք մոռանանք ամենագլխավորը՝ հիշյալ կես տողը. հրաման է տվել մարդ կոտորելու: Իզուր չէ, որ ինքը, տողն էդ միտումնավոր մոռանալով, մյուս կողմից՝ լրացուցիչ մի օրինակ է ծառայում բոլոր նրանց համար, ում մոլորեցրեց, որ նրանք նույնպես տողն այդ մոռանան ու իր տարած անկապ ուղղությամբ գնան…

Պարզվում է նաև, որ ՀՀ երկրորդ նախագահը «ալերգիա» ունի նաև իր այդ մոլորեցնելիք լայն զանգվածներից, որոնց կոչելով «այսպես կոչված լայն զանգվածներ»՝ մատների ճկուն աճպարարությամբ հեգնելու նշան է օդում նկարում, օդում մատներով սալտո անելով՝ ձեռ է առնում լայն էդ զանգվածներին… Այսինքն՝ մե՛զ, ժողովուրդ, մե՛զ…

…Դե ինչ, ՀՀ պարոն երկրորդ նախագահ, շանս ունես դառնաս ՀՀ առաջի՛ն նախագահը, ՀՀ առաջի՛ն նախագահը, որ… կալանավորվեց: Առայժմ միայն կալանավորվեց: Բայց դատարանում ավելի՜ն անելու ու նաև ՀՀ առաջին այն նախագահը դառնալու հոյակա՜պ շանս ունես, որն ազատազրկվեց, քանզի հրաման էր տվել մարդ կոտորելու…

…Սիրելի՛ ժողովուրդ, այո՛, Դետոչկինը սիրում էր երեխաներին, իսկ ՀՀ երկրորդ նախագահը, որ ՀՀ առաջին «զէկ»-նախագահը շուտով կդառնա, ավա՜ղ, չէր սիրում երեխաներին, քանզի թե սիրեր, նման օրինակ երեխեքի համար դժվար ծառայեր:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ