Միհրան Պողոսյանն ու իր բիզնեսները
Միհրան Պողոսյանը, չնայած իր բոլոր հավաստիացումներին, որ գործարարությամբ չի զբաղվում, գերազանց տիրապետում է բիզնես կառուցելու բոլոր նրբություններին և հարկերից խուսափելու անհավանական մեթոդներին։ Թերևս, արդարացիորեն, պետք է նկատել, որ նյութիս հերոսը տաղանդավոր տնտեսագետ է և կարողանում է ճիշտ կողմնորոշվել կապիտալի ահեղ աշխարհում։ Վերը նշածիս լավագույն ապացույցը ԴԱՀԿ նախկին պետի և նրա մերձավոր ազգականների բուռն գործունեության մասին պատմող մամուլի տարիների անդրադարձերն են, որոնցից մի քանիսին կանդրադառնանք հաջորդիվ։

Միհրան Պողոսյանին շատերը ճանաչում են «Քեթրինի Միհրան» անունով, որը պատահական չէ և կապվում է 1997թ․վերջինիս կողմից հիմնադրած «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի հետ։ Ցիտրուսային և տրոպիկական մրգեր ներմուծող այս ընկերությունը երկար տարիներ մենաշնորհային դիրք ուներ Հայաստանում և հանդիսանում էր բանանի հիմնական ներկրողը։ 2009-ից «Քեթրին Գրուպը» ներմուծում է նաև պարարտանյութեր և թունաքիմիկատներ, բուծում և բազմացնում է խոզեր, կովեր, ոչխարներ և հնդկահավեր։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ մինչև 2008թ․Միհրան Պողոսյանը բաժնեմաս է ունեցել այստեղ, իսկ նրա կինը՝ Կարինե Մխիթարյանը, մինչև 2015 թիվը։ Այժմ ընկերության միակ բաժնետերը Պանամայում գրանցված «Սենդոլինե կորպ» ընկերությունն է։ Օգտվելով «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմից՝ ընկերությունը 2005-2007թ.թ. ազատվել է մաքսային վճարի, մաքսատուրքի և ավելացված արժեքի հարկի վճարումից և պետությանը չի վճարել մոտ 1մլն 479 հազար դոլար։ Իրավապահները սա որակել են հարկերից խուսափելու փորձ՝ մաքսանենգության փոխարեն։

Ըստ Civilnet.am-ի, Պողոսյանի հետ փոխկապված անձանց հետ է կապվում նաև մեկ աշխատակից ունեցող «Ուկռինվեստ» ընկերությունը, որը 2017թ․ 1,6 միլիարդ դրամի երեք պայմանագիր է կնքել ՀՀ ոստիկանության հետ՝ ճանապարհային նշանների տեղադրման, գծանշման ու լուսազդանշանների պահպանման ծառայությունն իր փխրուն ուսերին վերցնելու համար։ Պարզվում է՝ վերջինս մրցույթներին մասնակցել է «Էս Թի Սերվիս» ՍՊԸ-ի հետ համատեղ կոնսորցիումի պայմանագրով, որի տնօրեն Ստեփան Խաչատուրյանը Պողոսյանի բարեկամների հետ փոխկապակցված «Միկշին» ընկերությունում ևս տնօրեն է և երկու ընկերությունների հասցեն ու հեռախոսահամարները համընկնում են։

Միհրան Պողոսյանին է պատկանում Ամիրյան 4/6 շենքի 143-րդ տարածքը, որտեղ տեղակայված են «Կավկազսկայա պլեննիցա» ռեստորանը, «Գրիար» ՓԲԸ-ն և այլ շահութաբեր հաստատություններ։ ԱԺ պատգամավորին վերագրվող սեփականություններից է Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցային համալիրը, որի բաժնետերը պաշտոնապես Էդուարդ Հարությունյանն է՝ «Բեսթ Ռեալթի» ՍՊԸ-ի տնօրենը։

Միհրան Պողոսյանի և նրա հետ փոխկապված մարդկանց բիզնեսների ցանկը դեռ կարելի է լրացնել, բայց սահմանափակվենք թերևս այսքանով, քանզի ամեն ինչ խոսում է այն մասին, որ առաջիկայում այս տաղանդաշատ գործարարին կանդրադառնան, այն էլ շատ հանգամանալիորեն ու կպարզվի, որ այս մարդը ինքն է խճճվել ունեցածի թվարկումներում ու հաշվարկներում և այն էլ խրվել է հիմնովին: Տագնապ կա, որ տարիների խորք ունեցող հիշողությունը բզբզելուց հետո Միհրան Պողոսյանը Շմայսի պես ջանասեր աշակերտի նման փակ աչքերով կանցնի Ազգային անվտանգության ծառայություն տանող ճամփան՝ ամեն անգամ նրա հետ մանկորեն ուրախանալով հերթական պարտակածը միամտորեն հիշելու առումով:

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ