Թուրքիայում սկսել են վերանորոգել 19-րդ դարում կառուցված հայկական եկեղեցիներից մեկը, որը կօգտագործվի որպես «Երգիծաբանների մշակույթի տուն»: Եկեղեցին գտնվում է Թուրքիայի Քոնիա նահանգի Աքշեհիր շրջանում: Այն վերակառուցվում է Քոնիայի նահանգի զարգացման վարչության ֆինանսավորմամբ իրականացվող մշակութային նախագծի շրջանակներում:

Աքշեհիրի քաղաքապետը նշել է, որ այս պահի դրությամբ վերանորոգման աշխատանքների 85 տոկոսը ավարտված է և նախատեսվում է, որ եկեղեցին դառնալու է Աքշեհիրի 3-րդ մշակութային կենտրոնը։ Քաղաքապետը  հավելել է, որ եկեղեցու վերանորոգման ու վերափոխման համար հատկացվել է 2 մլն թուրքական լիրա։

Տեղեկացնենք, որ Աքշեհիր քաղաքի հայկական եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում, իսկ Հայոց ցեղասպանությունից հետո լքվել է և սկսվել է դանդաղորեն ավերվել: Ժամանակին եկեղեցին սպասարկել է 500 հոգանոց հայ համայնքը, սակայն ներկայում Աքշեհիրում հայեր գրեթե չեն մնացել:

Սոնա ԳԻՇՅԱՆ