Շնորհավորում ենք բոլորիս: Երկրում բոլոր խնդիրները լուծված են, անցյալի խուչ ու խութերը վերացած, միակ հիմնախնդիրը մնում է ընտրական օրենսգրքում բարեգործության մասին դրույթը վերախմբագրել ու ի՛նչ` առաջ Հայաստա՞ն (սակայն սրանից ՀՀԿ-ական գողության հոտ է գալիս էն փառահեղ մարդու` Լեոնիդ Ազգալդյանի, միտքը յուրացնելով ու բովանդակային առումով այդպես վայրագորեն բռնաբարելով), թե՞` ճերմակ ձիով նորից հանրապետության հրապարակ մուտք ու կարճ ժամանակ անց նորից պետականության կորուստ ու հերթական անգամ խոստովանություն սեփական լիդերներից մեկի բերանով` որ դաշնակցությունը Հայաստանում անելիք չունի:

Ընդհանրապես շա՜տ զիլ կուսակցություն է դաշնակցությունը: Միշտ կերակրատաշտին մոտ, միշտ իշխանության մաս, միշտ միջատմնային տարածքը փորփրող ատամնաչոփը բերանին ու միշտ կուսականորեն անմեղ` ո՜վ` իրե՞նք. իրենք ընդամենը ամբողջի մաս են եղել, իրենք ինչպե՞ս կարող են մի ողջ կառավարության պատասխանատվություն կրել: Թե նման խուսանավումը քաղաքականության մեջ ի՛նչ բառով է բնութագրվում, հավատացեք, իրենք բոլորից լավ գիտեն, որովհետև թե հայելին են իրենք, թե դրանում արտացոլվածը, սակայն եկեք մեր մեկնարկային խոսքից շատ չհեռանանք:

Հիմա էլ տեսեք ի՜նչ են մոգոնել: Առաջարկում են ընտրություններից առաջ ողջամիտ ժամկետով դադարեցնել բարեգործական կազմակերպությունների կողմից բարեգործական ակցիաների անցկացումը և բացառել բարեգործական կազմակերպությունների անվանումների հետ համընկնող կուսակցությունների կամ դաշինքների մասնակցությունն ընտրություններին:

Սլաքն ո՛ւմ է ուղղված, միանգամայն տեսանելի է ու հասկանալի ու դրան արձագանքելը թողնենք նրանց թնդանոթաձիգներին (եթե ունեն), բայցև չես էլ կարող հարց չտալ` բա ձեր արա՞ծն ինչ է, էս ժողովրդի մատից ձեր հանած փո՞ւշը որն է ու եթե դա չեք արել որպես կուսակցություն, ապա որպես իշխանության մշտական մաս ի՞նչ եք արել, որքա՞ն է ձեր այդ ասած ողջամիտ ժամկետը, որովհետև ձեզ համար ողջամիտ ժամկետ չէ անգամ ձեր ծերունական տարիքը` առկայծած մեկ-երկու լուսավոր բանով, ու դուք հայաստանյան ձեր կուսակցապետերով դեռ որքան կարող եք չարաշահել թե տեղի, թե կուսակցության ձեր արտերկրյա կառույցների լուսե կերպարների վստահությունը: Էս է, ընտրությունները կլինեն, կտեսնենք, թե առանց իշխողների հովանավորության որքան ձայն կհավաքեք: Աստված ձեզ հետ:

Հ.Գ. Առավել հետաքրքականն այն է, որ դաշնակցական Արմեն Ռուստամյանի առաջարկով ոգևորված չէ անգամ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, ով գտնում է, որ ընտրական օրենսգրքում եղած սահմանումը լիովին բավարար է ու խմբագրումների կարիք չկա:

Հայկ ԱՌԱՔԵԼՅԱՆ