Իշխանական ու ուժային կառույցները, ըստ դրանց լավագույն երախտագետ Շմայսի, լինում են երկու տեսակի՝ շա՜տ անքաղաքավարի ու շա՜տ քաղաքավարի: Առաջին տեսակին պատկանում էին հենց իրենք՝ Շմայսենք, երբ այդ կառույցների ճարտարապետ ու աշխղեկ էին իրենք ու շատ անտա՜շ, շատ անքաղաքավարի՜, շատ դո՜ւմ գործունեություն էին ծավալում: Հարկային նորմալ գործունեություն ծավալելու տեղ՝ սրա-նրա վրա «թավան» էին դնում, իսկ բյուջեի տեղ «ափշակ» էին պահում: Ով իրենց դեմ էր, «սխոդկա» էին նստում, «սխալ» հռչակում, լինում էր նաև, որ «նա նաժի էին պասաձիծ» անում: Շա՜տ կոպիտ էին ու շա՜տ անքաղաքավարի, անկուլտուրակա՜ն, «Գրանդ օպերայի» տեղ «Մոնտե-Կառլո», իսկ «Բալշոյ»-ի տեղ գնում էին սաունա: Լինում էր՝ երկրի բյուջեն էին կրվում, լինում էր հենց նոր, թափ-թազա ստացած վարկը շա՜տ անհեռատես «կոն» էին դնում ու «վա-բանկ» գնում, կրվելուց հետո «բնակչության սոցիալական վիճակի բարելավման ծախսերի» հնչեղ անվան տակ՝ կրվածը դուրս գրում, անցնում մյուս վարկին: Բալանսից ընկած երկրի բյուջեն փրկելու համար՝ մարդկանց ստացած տրանսֆերտ դոլարները կես գնով առնում, իրենց պարտքերն էին դրանցով փակում: Բայց հաճախ անգամ է՛դ չէր հերիքում, և ուստի երեկ ձեռնաքաշ, այսօր ձեռներեց իրենց տղերքի ձեռներին լրիվ ազատություն էին տալիս, որ դրանք, ինչ ուզեն անեն, միայն փող բերեն, երկրի վրա դրված «թավանը» փակեն: Ու դրանք էլ, հարկավ, ինչ ուզում էին, էն էլ անում էին: Զորօրինակ, ասենք, նորմալ կարագի տեղակ, բայց «կարագ» անունով ու կարագի գնով, ամենախուժա՛ն՝ պալմայի՛ յուղն էին վաճառքի հանում, կաթին ջուր խառնում, երշիկին՝ շատ «ընտիր կարտոն», նրբերշիկին՝ շատ «նուրբ» թեփ, որն էլ կտրում էին խոզերի բերնից, խոզերին տրվող կերին խառնելիք թեփ ու տաշեղից: Ձեթի տեղ հաճախ «տավոտ» էին ծախում, ավելի ճշգրիտ՝ «տավոտանման» ինչ-որ բարդ զանգված, որի բաղադրությունը, որպես պետական գաղտնիք ու որպես Լֆիկի «նոու-խաու», «հույժ գաղտնի» «գրիֆով» պահվում էր երկրի գաղտնի պահոցում: Թթվասերի տեղ՝ զուտ մայոնեզ էր, պաղպաղակի տեղ՝ սառած ջուր՝ սառույց, հացն էլ երևի թրջած հին, քարթու հացից էին թխում: Իսկ աղացա՜ծ միս, մինչև դեմները չաղային, ոչ ոք չէր առնում. չէ՜ր համարձակվում: Իսկ թե ինչից էին պանի՜րն ստանում, էդ գաղտնիքն անգամ Լֆիկին մնաց հուր-հավետ անհայտ:

Էսպես անքաղաքավարի՜, անկուլտուրակա՜ն բան էին իրենք: Իսկ ա՛յ իրենց այս «թավշյա» փոխարինողնե՜րը շա՜տ քաղաքավարի, շա՜տ կուլտուրական հեղափոխությունն արին, կուլտուրական եկան, իրենց տեղը շա՜տ քաղաքավարի գրավեցին: Ու հիմա էլ, տեսե՛ք, ի՜նչ քաղաքավարի են, ասենք, Վաչոյին տանում, քաղաքավարի պահում, քաղաքավարի բերդից բաց թողնում: Ու միայն Վաչոյո՛վ չէ: Բոլորին էլ քաղաքավարի տանում, քաղաքավարի ազատ են արձակում: Ով «փրկագինը» տվեց, նրան նոր իշխանությունը տեղում բաց թողեց: Բա ո՞նց, մարդիկ միլիարդներ են տալիս, հո հասարակ մարդ չե՞ն, հո նրանցի՞ց չեն, որոնց հարյուր դոլարի պակասորդի համար հինգ տարի են տալիս: Սրանք ուրիշ են, սրանց հետ հարկ է կուլտուրական վարվել, սրանք միլիարդների հե՛տ են իրենց խաղերն արել:

Ըստ այդմ՝ մի տեղին առաջարկ ունեմ: Էդ կաշառակերների գործերի վարույթը ԱԱԾ-ից առեք, տվեք… Մշակույթի նախարարությանը: Մշակույթի նախարարությունը, Ժամանակակից արվեստի թանգարանի հետ համատեղ, գեղանկարների աճուրդին զուգահեռ, աճուրդ է հայտարարում՝ լավագույն կոռուպցիոների փրկագնի կոնկուրս: Մոտավորապես էսպես: Հայտարարվում է նախնական գինը: «Մի միլիարդ դոլար՝ մե՛կ, մի միլիարդ դոլար՝ երկու, մի միլիարդ դոլար…»: Մինչ կհնչի «երեք»՝ Սերժը տեղից ձեռ է բարձրացնում ու ասում՝ «Երկո՛ւ միլիարդ»: «Երկու միլիարդ դոլար՝ մեկ, երկու միլիարդ դոլար՝ երկու, երկու միլիարդ դոլար՝ ե…»: «Տասներկու միլիարդ», հնչում է Քոչարյանի ձայնը, ու աճուրդն ստեղ ավարտվում է: Ու դրանից հետո, հլա թող փորձի մեկը Քոչարյանին հարցաքննության կանչի…

Մի խոսքով՝ ինչ ուզում եք արեք, բայց այ սենց քաղաքավարի ու կուլտուրական արեք: Հանկարծ չշեղվեք էդ քաղաքավարի գործելակերպից: Ուզում է՝ հակակոռուպցիոն էս անցման շրջանը նույնպես երկրի էն չանցնող անցման շրջանի պես քառորդ դար տևի, չշեղվեք էդ ուղուց, միշտ այ սենց քաղաքավարի՛ եղեք…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ