Միլիարդը վճարված է, Վաչագան Ղազարյանն՝ ազատության մեջ է։ Այս տեղեկությունը հաստատել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց 2 ամսով կալանավորել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին։ Վերջինս մեղադրվում էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կամ կեղծելու, ինչպես նաև ապօրինի հարստացման մեջ։ Ձերբակալումից օրեր անց՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը սահմանել էր Ղազարյանի ազատ արձակման գրավի չափը՝ մեկ մլրդ դրամ։

Ով է վճարել այս չարաբաստիկ գրավը՝ երեկ Հայաստան ժամանած Ռուբեն Թաթուլյա՞նը՝ հայտնի Ռոբսո՞նը, ով տեսանելի մակարդակում ոչ մի կապ չունի նախկին քրեա-օլիգարխիկ կառավարության հետ, թե՞ մոսկվայաբնակ «ղարաբաղյան կլանի» ներկայացուցիչները՝ մասնավորապես «Երևան պլազա»-ի Գենան, «Պրինց պլազա»-ի Աշոտը և «Ավիլոն»-ի Կամոն (Operativ.am-ի տեղեկություններով վերջիններս ժամանել էին Հայաստան՝ Վաչագան Ղազարյանին հանդիպելու նպատակով, սակայն, ԱԱԾ-ի կողմից մերժվելով, մի քանի օր անց վերադարձել են Մոսկվա)։
Այս հարցի պատասխանը դեռևս հայտնի չէ, բայց գուշակ պետք չէ լինել հասկանալու համար, որ տեղական «ստվերային միլիարդատերերից» և ոչ մեկը նման պատասխանատվության տակ չէր մտնի՝ ԱԱԾ-ի խոշորացույցի տակ հայտնվելու վտանգից ելնելով, հետևաբար օգնությունը վրա է հասել արտաքին ուժերից՝ սրտացավ բարեկամներից, ովքեր, միգուցե, «որոշակի պարտավորվածություն» են զգում` օգնության ձեռք մեկնելու նեղության մեջ հայտնված ընկերոջը, և իրենց միլիարդների համար պատասխանատու չեն ՀՀ նորընտիր կառավարության առաջ։

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ