Տիգրան Խզմալյանն իր facebook-յան էջում գրում է. «Նամակ ստացա, որի պատասխանն ուզում եմ հրապարակել, առանց հասցեատիրոջ անունը նշելու: Հարցն այսպիսին է՝ ՛՛Պարոն Տիգրան, լավ, հասկացանք որ ռուս չեք սիրում: Բա էդ Թրամփին քլնգելը ինչա նշանակում? Կամ էն կողմ, կամ էս կողմ, կողմնորոշվեք ի վերջո, թե չէ անլուրջ ա: Հազարավոր մարդիկ կարդում են ձեր գրածները, ինչու եք մոլորեցնում? Թե ձեր միակ կայֆը սաղին քլնգելն ա? Լրջացեք՛՛ Լրջանանք: Նախ, ես մերժում եմ ՛՛ռուս չսիրելու՛՛ բնորոշումը, որը նույնքան անհիմն է եւ բովանդակությամբ ֆաշիստական, ինչպես եւ ամերիկացի չսիրելը, կամ հրեա, ուկրաինացի, քուրդ, չինացի եւ այլն: Ես ռուսական մշակույթի,արվեստի, գրականության, լեզվի մասնագետ եմ, ուստի երբեք չեմ շփոթում ռուսական մշակույթը ռուսական պետության հետ, որը դարերով ոչնչացնում էր նույն այյդ մշակույթը: Ինչ վերաբերվում է Թրամփին՝ այստեղ նույնպես արտահայտվում է Ձեր տարօրինակ եւ, ցավոք սրտի, տարածված մոլորությունը, իբրեւ թե մեզ, հայերիս, անհրաժեշտ է կողմնորոշվել այս կամ այլ ազգի, անձի, պետության ուղղությամբ եւ կուրորեն հետեւել դրան(ց): Ոչ: Մենք որպես ազգ եւ պետություն, որպես քաղաքացիներ եւ բանականություն ունեցող մարդիկ պետք է հետեւենք եւ առաջնորդվենք սկզբունքներով, համոզմունքներով, գաղափարներով: Դա է պահանջում պետական եւ ազգային գերագույն շահը, ի տարբերություն ՛՛քուչի, մայլի, թայֆայի՛՛ տրամաբանության, որը հետեւում է հենց անձի, հեղինակության, կուռքի կամ մեկ այլ թայֆայի օրենքին: Հայաստանի Հանրապետության պետական շահն ու ազգային անվտանգության հիմքը, խոնարհիս կարծիքով, պետք է հենվի ազատության, ինքնիշխանության, անկախության, ժողովրդավարության եւ արդարության սկզբունքների վրա: Եւ եթե Պուծինն ու Թրամփն այսօր ողբերգական կերպով համընկնում են իրենց հակաժողովրդավարական ու այլատյաց համոզմունքներով, դա ոչ մի դեպքում չի նշանակում, որ մենք պետք է հետեւենք դրան: Մեր նախնիները դարերով ապրել էին միանգամայն թշնամական շրջապատում եւ բոլոր թերություններով հանդերձ կարողացան պահպանել եւ փոխանցել մեզ ազգային գերագույն արժեքները՝ լեզուն եւ մշակույթը, ազատատենչությունն ու արժանապատվությունը: Եթե դիտեք ՛՛Տիգրանակերտ՛՛ պատմավավերագրական ֆիլմս, կիմանաք, որ ն.թ.ա. 66 թվականին Արտաշատում պատսպարված Տիգրան Մեծին երկու կողմից միաժամանակ մոտենում էին Հռոմի լեգիոնները եւ պարթեւական բանակը՝ Հայքը ոչնչացնելու նպատակով: Դա նույնն է, ինչ այսօր, Աստված մի արասցե, Հայաստանին պատերազմ հայտարարեն միաժամանակ ԱՄՆ եւ Ռուսասատնը: Եւ մեր հանճարեղ արքան երեք օրվա ընթացքում կարողացավ սկզբից պարթեւ Փրահաթ թագավորի, ապա հռոմեացի Պոմպեոսի հետ թրով ու բանակցություններով այնպես վարվել, որ դրա արդյունքում Մեծ Հայքի առաջին հայտնի քարտեզն առաջացավ եւ այսօր էլ դաջված է Հռոմի պատերին, Կապիտոլիի հարեւանությամբ: Իսկ գիտե՞ք Հռոմի հետ Տիգրանի պատերազմի հիմնական պատճառը: Նա հրաժարվեց մատնել եւ հանձնել նրանց իր դաշնակցին՝ նաեւ ազգական դարձած Միհրդաթ Պոնտացուն, Հռոմի ախոյանին: Ճիշտ այնպես, ինչպես նրանից առաջ վարվեց նրա պապը՝ Արտաշես արքան, ով նույն Հռոմին չհանձնեց Հայքում ապաստան խնդրած Հաննիբալին: Այսպես որ մեր մեծագույն արքաները մեզ ժառանգել են նախեւառաջ սկզբունքներ՝ ազնվության, արժանապատվության, խիզախության եւ հավատարմության սկզբունքները: Ահա ինչու, պետականությունը վաղուց կորցրած, մենք, ի տարբերություն հազարավոր այլ ցեղերի, պահպանվել ենք որպես ազգ եւ կրկին արժանացանք սեփական պետություն ունենալու պատվին ու պարտականությանը: ԱՅն պահելու, պահպանելու ու պաշտպանելու համար անհրաժեշտ է նախեւառաջ ազատագրել Հայաստանը օտար զավթումից: Եւ այդ զավթումը սկսվում է ոչ թե 102-րդ ռսական ռազմաբազայում, ոչ, այնտեղ դա ավարտվում է: Իսկ սկսվում է որոշ հայերի ուղեղներում, իբրեւ ՛՛սրան-նրան կպնելու՛՛, ՛՛չքլնգելու՛՛,՛՛սհաթնօրհնելու՛՛, հերթական կուռքեր ստեղծելու վատ սովորություններից: Ազատվեք դրանցից որպեսզի ազատագրենք մեր երկիրը: Ձեզնից սկսեք»:

Մեր կողմից. 
Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: