Ուրեմն՝ ժուկով-ժամանակով КГБ-ում կոփված մի գերդաստանում մի շատ ընդունակ տղա է ծնվում: Էս տղան փոքրուց շատ ընտիր երևակայություն է ունենում: Իր սիրած կերպարները Կոլումբոսն են լինում ու Միչուրինը, մեկ էլ՝ Դավիթ Կոպերֆիլդը՝ էն ֆոկուսնիկը: Տղան ուզում է, որ մեծանա, դրանց նմանվի ու տղան դնում-մեծանում է, բայց դրանց չի նմանվում, որովհետև տալիս, դրանց անցնում է: Ու իր քեռի-ասիստենտների օժանդակությամբ իր առաջին ֆոկուսն է անում ու 27 տարեկանում գեներալ դառնում:

Հետո իր երկրորդ ֆոկուսն է անում, դառնում է հայոց «մեծ սելեկցիոներ»՝ հայոց «Միչուրին»՝ ստեղծելով թափ-թազա սորտի «հայկական բանան», որը աշխարհի մյուս բոլոր բանաններից տարբերվում էր այն բանով, որ «նորմալ բանանից» 2-2,5 անգամ թանկ էր: Ու տասը տարի ողջ հայ ժողովուրդը, ի տարբերություն արար աշխարհի, ճաշակում էր միայն էդ թանկ, էդ «ոսկեջրած» բանանը: Եթե արար աշխարհի բանանը արժեր մաքսիմում 300 դրամ, ապա մերն արժեր մինիմում 700 դրամ: Բայց որպեսզի սույն բանանի սելեկցիան ինքը լրի՜վ գլուխ բերի ու հակամենաշնորհային օրենքի վրա իրա բարձր տանիքից «դե-դե-տե» փչի, Վրաստանում էդ տղեն գրանցում է բանանային իր մայր կազմակերպությունը ու հայաստանյան չորս թառլան տարբեր կազմակերպություն առնում են էդ «նոր» կազմակերպության բանանը ու, «խստիվ պահպանելով» հակամենաշնորհային օրենքը, սկսում են Հայաստան ներկրել… էլի ում բանանը՞: Ապրե՜ք, էլի էդ ընդունակ տղո՛ւ բանանը, որը հենց մաքսատունն անցնում է, արդեն «հայկակա՛ն սորտի» բանան է դառնում ու, 300-ից տեղում 700 դրամ դարձած, մեր խանութներում մեզ է վաճառվում: Համ հակամենաշնորհային օրենքն է էդպես պահպանվում, ի՜նչ անենք, թե հետն էլ կարգի՜ն… «բռնաբարվում», համ էդ տղեն է «բռնաբարության հոդվածի տակից» արդար դուրս գալիս, համ էլ մեզ վրա երկու բանանի գնով մի բանան ծախում: Իզուր չէ, որ էդ տղեն բանանի նկատմամբ էդքան անտարբեր չէ. իսկական ճարպիկ «բանդեռլոգ»:

Երրորդ ֆոկուսն էդ ընդունակ տղեն զուտ Կոլումբոսի ազդեցության տակ ճարտարագործեց, ու այս աշխարհում ոչ մի էկզոտիկ երկիր չմնաց, որտեղ ինքն օֆշոր չկազմակերպեց ու «լվացքատուն» էդտեղ չհիմնեց: Չէ՛, հազար ներողություն, աշխարհում մի երկիր մնաց, որի համար կյանքում ինքը բան չարեց: Էդ երկրին ինքն իրա քթի տակ «հը՛-հը՛» է ասում ու «հը՛-հը՛», «հը՛-հը՛», հա՜, փռթկում-հռհռում էդպես էդ երկրի վրա:

Իսկ էս վերջերս էլ էդ ընդունակ տղեն, էլի ՀՀ-ի վրա իր «հը՛-հը՛»-ն դրած, իրա չորրո՛րդ ֆոկուսը արեց: ՀՀ ոստիկանության հետ 1,6 մլիարդի պայմանագիր կնքեց, որ մեր փողոցների ճանապարհային նշանների տեղադրման, գծանշման ու լուսազդանշանների պահպանման ծառայության գործն է՜լ ինքը կատարելագործի, ոնց որ «բանանը կատարելագործեց»: Ու որպեսզի չուզողները հանկարծ չասեն, թե ՀՀ ոստիկանության հետ կնքված էդ պայմանագրի բուն տերը իրեն առնչվող «Էս Թի Սերվիս» ՍՊԸ-ն է, էդ ընդունակ տղեն փողոցից մի հատ «ընտիր бомж» է գտնում, դրա անունով մի հատ միհոգանոց «ձեռնարկություն» «հիմնում» ու դրան համատեղ կոնսորցումի մեջ դնում իր հարազատ էն «Էս Թի Սերվիս»-ի հետ: Արդյունքում՝ «бомж»-ը կոնկուրսը հաղթում, իրա մի շիշ արաղը առնում, գնում է իր «գործին», «Էս Թի Սերվիս»-ն էլ՝ անցնում ի՛ր գործին` պայմանագրով նախատեսված ահռելի գումարները յուրացնելո՛ւ գործին: Էնպես որ շուտով մեր փողոցների լուսաֆորներին կանաչից բացի ուրիշ լույս չի վառվի, ծայրահեղ դեպքում՝ կանաչին խփող դեղին կվառվի, իսկ բոլոր սլաքներն էլ միայն «Օֆշոր» ցույց կտան, ծայրահեղ դեպքում՝ հարևան Վրաստան:

Ուրի՞շ: Ուրիշ՝ ի՞նչ: «Бомж»-ը հասավ իր մուրազին, մեր խեղճ ճանապարհները՝ իրենց գլխին գալիք շատ աննախանձելի իրե՛նց «մուրազին», իսկ «օֆշորի արքա՛» հայոց «Կոլումբո՛ս», հայոց բանանի հայր, հայոց «Միչուրի՛ն», հայոց փողերը ֆռռացնող-չքացնող «Կոպերֆի՛լդ» ընդունակ տղեն էլ՝ իրա՛ մուրազին: Երկնքից էս անգամ կարմիր խնձորի տեղ երեք կանաչ բանան ընկավ, երեքն էլ ի նշան «Քեթրինի Միհրանի» վաղուց կորցրած անաղարտության: Երեքն էլ տանք իրան, թեպետ, մեկ է, էդ էլ պիտի տանի, ամեն մեկը մի օֆշորում պահի, մինչև որ կամ դրանք լխկեն, կամ իր թևերն ու իր թիկունքը իրենից հոգնեն ու չխանգարեն «թավշյա՛» գզիր-կատարածուներին՝ աշխարհեաշխարհ ընկած գեներալ գզիր-կատարածուի դուռը թակելուն:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ