Դավիթ Սարգսյանն իր  facebook-յան էջում գրում է. «Եվս մեկ համագումար գնաց պատմության գրողի ծոցը... Թե ի՞նչ տվեց կամ կտա այն Հայաստանի գրողների միության աշխատանքով հիացած անդամներին՝ չգիտեմ, առավել ևս ընթերցողին:Ինչ էլ գիտեմ, գրողը տանի, գրականության հետ չի աղերսվում: Պարզ է մի բան, ԳՄ-ն լրջագույն բարեփոխումների կարիք ունի՝ անդամների զտումից մինչև գրողի և գրականության հիմնախնդիրների նկատմամբ սկզբունքային, արմատական դիրքորոշումների հստակեցում: ... Նույնիսկ խորհրդային ժամանակներում գրողների հավաքները, ժողովները, չեմ խոսում համագումարների մասին, վերնախավի ընտրությունն առաջնային չէին համարում, այլ հագեցած էին ժողովրդի, երկրի, հայրենիքի, հասարակության և նրա անդամների, դրանց առնչվող գրականության հիմնախնդիրների վերաբերյալ սրտացավությամբ, անհանգստություններով, բարձրաձայնվում էին տարաբնույթ հարցադրումներ: Իսկ համագումարը, ՏԻՄ ընտրությունների նեոբոլշևիկյան տրամաբանությամբ, այն էլ միասնական և մեկ թեկնածուի առկայությամբ,հիշեցրեց մի պատմություն, երբ լճացման տարիներին, ՍՄԿԿ կենտկոմի որոշման դեմ ընդվզող գրողների համարձակ քվեարկության արդյունքում Սերո Խանզադյանը ճարահատյալ հայտարարեց .... X դեմերով որոշումն անցավ միաձայն... Իսկ հիմա ականջալուր եղեք, լսե՞լ եք, ասում են իրավիճակ է փոխվել, իսկ շատերդ, հավանաբար, անտեղյակ եք... Ու՞ր եք, սիրելի գրողներ, ինչու՞ եք անտարբեր մեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ, կուրացել, խլացել ու համրացե՞լ եք, ու՞ր կորավ Ձեր քաղաքացիական ըմբոստ կեցվածքը, ի՞նչ պատահեց Ձեզ, չէ՞ որ Դուք էիք ժողովրդի Խիղճն ու նրա Խոսափողը..»

Մեր կողմից.
 Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: