Հուլիսի 20-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի՝ Վաչագան Ղազարյանի, ազատ արձակման գրավի չափը՝ մեկ մլրդ դրամ, որը դեռևս «չլսված ու չգրված» թիվ էր հայաստանյան դատական պրակտիկայում։ Մինչ հասարակությունը գուշակում էր, թե ով հանձն կառնի այս ծանր պատասխանատվությունը, մամուլը հստակ փաստեց՝ Ռուբեն Թաթուլյանը՝ նույն ինքը Ռոբսոնը, գալիս է Երևան գրավը վճարելու։

Սոչիում բնակվող և հսկայական բիզնես գործունեություն ծավալող այս նախկին մարզիկի մասին տեղեկությունները հակասական են ու իրարամերժ: Ըստ պաշտոնական տվյալների՝ Թաթուլյանը նպատակասլաց և հեռատես գործարար է, բարերար և ակտիվ մասնակցություն է ցուցաբերում ծովափնյա քաղաքի հասարակական-քաղաքական կյանքում։ Նրան պատկանող սպորտային համալիրում մարզվում են 800-ից ավել երիտասարդներ, որոնցից 23-ը օլիմպիական չեմպիոններ են, իսկ 160-ը՝ Եվրոպայի։

Սակայն չար լեզուները պնդում են, որ Թաթուլյանն իր հանրային կյանքի ստվերային մասում քրեական հեղինակություն է (Սոչիի «նայողը») և որ նրա ձեռքում են կենտրոնացված ստվերային կառավարման հսկայական լծակներ։ Ռոբսոնի հանրային կարևորության մի վկայությունն էլ այն է, որ  նրան «թույլատրվում է» օլիմպիական քաղաքում շրջել զրահապատ մեքենաներով, դիվանագիտական պետհամարանիշներով (հայկական ծագումնաբանության) մեծաքանակ թիկնազորի ուղեկցությամբ ու սա այնքան էլ ցուցք չէ, ինչպես մեր մոտինների պարագայում է։

Ասում են՝ Թաթուլյանը անհերքելի ներդրում է ունեցել Ղրիմն անցնցում Ռուսաստանին միացնելու գործում և արժանի հակակշիռ է հանդիսանում Ռամզան Կադիրովի հովանավորչության տակ գործող հանցավոր խմբավորումների համար։ Ավելին՝ հանդիսանում է Կրասնոդարի երկրամասի կայունության գրավականը, որը բարձր է գնահատվում ՌԴ բարձրաստիճան այրերի կողմից՝ իրավամբ վայելելով վերջիններիս բարեհաճությունն ու համակրանքը։

Սակայն մենք հակված չենք տուրք տալու կասկածելի խոսակցություններին, որոնք գուցեև հիմնավորված չեն և կարող են ուղղորդված լինել որոշակի ուժերի կողմից, քանզի Թաթուլյանի տարեցտարի «ընդարձակվող» հեղինակությունը չէր կարող չունենալ թշնամիների հսկայական բանակ։ Ուստի շատերին միգուցե զարմացրեց կամ էլ հետաքրքրեց նման խոշոր ֆիգուրի միջամտությունը «Սերժի Վաչոյի» քրեական գործին, որ պատահական չէր կարող լինել ցանկացած իրավիճակում, իսկ տվյալ դեպքում՝ առավել ևս, քանզի օրինական հարց է բարձրանում՝ այդ ի՞նչ ծառայությունների համար է Ռոբսոնը վարձահատույց լինում Սերժի Վաչոյին, իսկ որ ավելի ճիշտ կլինի, Վաչոյի տիրոջը:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին քրեական գործի շրջանակներում ոստիկանությունը քննչական կոմիտեի քննիչների հետ միասին գործողություններ էր իրականացրել Վաչագան Ղազարյանին պատկանող բնակարանում, «Յանս» ռեստորանային համալիրում և «Սելենա» ՍՊԸ-ի տնօրեն Ս․Կարապետյանի բնակարանում։ Արդյունքում Ղազարյանին պատկանող բնակարանից հայտնաբերվել և առգրավվել էր 1 մլն 100 հազար 400 ԱՄՆ դոլար, 230500 եվրո, 36 մլն ՀՀ դրամ։ Դրամական միջոցները գործը վարող քննիչի որոշմամբ ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ պարզվի դրանց ծագումը։ Իսկ «Յանս» համալիրից և Կարապետյանի բնակարանից առգրավվել էին հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, 1 մլն ԱՄՆ դոլար և 2 ատրճանակ՝ փաստաթղթերով։

Խուզարկությունից օրեր անց՝ հունիսի 25-ին, Երևան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող «Յունիբանկի» մոտից Ղազարյանը բերման էր ենթարկվել ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից։ Վերջինիս մոտ գտնվող պայուսակում եղել էր 120 հազար դոլար, 436 միլիոն դրամ, իսկ նրան ուղեկցող «Լեքսուս» մակնիշի մեքենայից առգրավվել էր 50 հազար ԱՄՆ դոլար։ Արդյունքում, ձեռք բերված ապացույցների հիման վրա, քրեական գործ էր հարուցվել Վաչագան Ղազարյանի նկատմամբ՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու առթիվ։ Պարզվում է՝ 2008 թ-ից ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Վաչագան Ղազարյանը տարիներ շարունակ գույքի և եկամուտների հայտարարագիր չէր ներկայացրել։ Առաջին հայտարարագիրը նա ներկայացրել է միայն այս տարվա սկզբին՝ 2014թ-ի եկամուտների վերաբերյալ։ Ըստ որի՝ Ղազարյանն ուներ 11 մլն․ դրամ, 9 հազար 500 դոլար և 12 հազար 500 եվրո։ Իսկ վերջինիս կինը՝ տնային տնտեսուհի Ռուզաննա Բեգլարյանը, հայտարարագրել էր 25 մլն․ դրամ, 29 հազար դոլար և 17 հազար 400 եվրո դրամական միջոց։ Ուստի հունիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը 2 ամսով կալանավորվեց։

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ