Լոս Անջելեսից Հայաստան եկած Անի Նինան փորձում է դեն նետելու փոխարեն յուրաքանչյուր իրի երկրորդ կյանք տալ։ Դասակարգում է թափոնները, պատրաստում դրանցից խաղալիքներ, մոմակալներ ու բաժակներ։ Պատմում է՝ ինչպես է գինու շիշը տաքացնում, բաժանում երկու մասի, հարթեցնում ծայրերը և որպես բաժակ օգտագործում։

«Սննդի այն տեսակները, որոնք յուղային չեն, ոսկոր չեն պարունակում, աշխատում եմ հավաքել մի արկղի մեջ ու նորից հողին վերադարձնել։ Աշխատանքի գնալիս միշտ հետս վերցնում եմ դրանք, մի որևէ ծառի տակ փորում հողը ու լցնում մեջը։ Այդպիսով հողը ստանում է բազմաթիվ վիտամիններ ու օգտակար նյութեր», -պատմում է Անին ու անցնում այդ գործին։

27-ամյա Անի Նինայի առօրյան արդեն երկու տարի է այսպիսին է։ Դրան նպաստել են և՛ ամերիկյան կենցաղավարությունը, և՛ նրա ծնողները. «Մամաս փոքր ժամանակ միշտ հորդորում էր նվերները զգույշ բացել, որպեսզի փաթեթավորման թուղթը կարողանայինք կրկին օգտագործել»։

Մարդկանց հետ հարաբերություններում էլ Անին գիտի՝ ում նվիրել ժամանակը և ում պարզապես հեռու պահել իրենից․ «Այն մարդիկ, ովքեր, իմ կարծիքով, արժանի են իմ կողքին լինելու, իրենց եմ տալիս իմ ժամանակն ու էներգիան։ Իսկ նրանք, ովքեր աստիճանաբար հեռանում են ինձնից, պարզապես բաց եմ թողնում»։

2013 թվական․ Լոս Անջելես-Երևան չվերթով Անի Նինա Օհանյանն առաջին անգամ եկավ մայր հայրենիք։ Որպես կամավոր սկսեց աշխատել «Դեպի Հայք» բարեգործական կազմակերպությունում։ Ծրագիրն ավարտելուց հետո վերադարձավ Ամերիկա, սակայն ամիսներ անց զգաց, որ Հայաստանը կրկին կանչում է իրեն։

«Չգիտեմ․․․ իմ հայրենիքն է, իսկ դա լրիվ այլ զգացողություն է։ Ամերիկայում, ճիշտ է, ամեն ինչ շատ լավ էր, լավ աշխատանք ունեի, անգլերեն մաքուր ու պարզ խոսում էի, բայց այստեղ ինչ-որ բան ուրիշ է, այստեղ ավելի լավ եմ զգում ինձ», -դողացող ձայնով խոստովանում է Անին։

Ծանոթանալով ամերիկացիների առօրյային ու խառնվածքին՝ Անին, միևնույն է, սիրում է հայերին հատուկ պարզությունն ու բարությունը. «Շատ եմ լսել օտարազգիներից, որ հայերը մարդկային բարձր արժեքների ու հատկանիշների տեր ազգ են։ Օրինակ, թեկուզ աշխատանքի վայրում, երբ գործընկերուհիս գնում է ջուր խմելու, միշտ հարցնում է՝ ինչ-որ բան կցանկանա՞ս։ Իսկ Ամերիկայում վստահաբար կարող եմ ասել, որ բոլորն ապրում են միայն իրենք իրենց համար»։

Անիի վերադարձը Հայաստան ճակատագրական եղավ․ եկավ ու այստեղ գտավ իր երկրորդ կեսին։ Ասում է՝ եթե ամեն ինչ լավ դասավորվի՝ այստեղ էլ կշարունակեն բնակվել ու ստեղծել իրենց ընտանիքը։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ