Մեր Լեզուն ու մեր Սուրբ Եկեղեցի՛ն են խավար դարերում մեր երկու վառվող կանթեղը եղել: Չըլնեին դրանք՝ վաղուց չկայինք: Մարեին դրանք՝ վաղուց մոլորվել, կորել էինք անհետ ու հայտարարվել լրիվ անվավեր: Իսկ այսօր… մարի-վարուժան՝ էգ ու որձ թռչնայք՝ «ճերմակ աղունիկ» աղանդավորնե՛ր, դռնից դուռ ընկած, գլուխները կա՜խ, իրար ականջի քաղցր ղունղունելով, եկան հասան ո՞ւր. կառավարությո՛ւն: Թադեյ-Բարդեղից անձամբ ստացած իր դավանանքը այս մոլորակում առաջինն ինքը պետական արած երկրի՛ կառավարություն…

…Հե-հե՜յ, նորընտիր հայոց վարչապետ, դու է՞լ սխալմամբ Աշոտյանի կերած առյուծը կերար: Բայց հիշո՞ւմ ես՝ ոնց էդ «առյուծակերին» մի հատ փը՛շտ արին՝ հասցեն մոռացավ, ու դրա համար հատուկ վանկարկմամբ «հասցեն հիշեցրին»… Սակայն գիտե՞ս նաև, որ էդ նույն մարդիկ անաչառ են անչափ, էդ մարդիկ ոչ մի ջոկողություն երբեք չեն դնում. հայոց կառավարությունը թե հանկարծ արիր օրրա՜ն աղանդավորաց՝ քեզ էլ կհղեն նման վանկարկում, կամ կուզես՝ ավելի՜ սիրուն վանկարկում:

Իրենց շատ չկա, իրենք 20 տարի լրիվ հալածված, գոյությունները հրաշքով քարշ տված մարդիկ են՝ է՛ս մկան ձեռքին, է՛ն ձկան ձեռքին, խորհրդարանից ներս ընկած է՛ս դուրս ընկածի ձեռքին, «կաբինետից» ներս ընկած է՛ն «փոխս» ընկածի ձեռքին, երեկ սրա-նրա տան, այսօր քո «կաբինետի» դռները թակող ու գործերիդ կառավարիչ քո ձեռքով կարգվող, քո էդ ղունղունող աղանդավորա՛ց ձեռքին:

Հա՜, լա՜վ հալածված ու մասամբ գաղթական, մասամբ հեղափոխական դարձած մարդիկ են իրենք, շատ ցասկո՜տ, շատ ջղայի՜ն, շատ զզվա՜ծ բանակ: Զգո՜ւյշ դրանցից: Ափերից նորից ելան՝ քեզ էլ կտանեն: Ելան՝ չեն խնայի, ելան՝ չեն նայի, կմոռանան՝ ով ես: Թարկիր «լիբերալ» էդ էքսպերիմենտդ: Էս ազգի գլխին նե՜նց էքսպերիմենտներ են հազարամյակներ շարունակ դրել ու արել, որ ինքն իմունիտետ է արդեն ձեռք բերել ամեն խորթ, օտար ու պիղծ բանի հանդեպ: Ով դեմ ելավ էդ իմունիտետին, տեղում կամ քոս, կամ փոս կընկնի հավետ:

Մեր Լեզուն ու մեր Սուրբ Եկեղեցի՛ն են խավար դարերում մեր երկու վառվող կանթեղը եղել: Չըլնեին դրանք՝ վաղուց չկայինք: Մարեին դրանք՝ վաղուց մոլորվել, կորել էինք անհետ ու հայտարարվել լրիվ անվավեր: Հեռու տար քո էդ աղանդավորա՜ց. էդ զույգ կանթեղի լույսն են իրենցով փակում և քո «կաբինետի»՝ հրապարակին նայող լուսամուտն ու քո տեսադաշտն են դրանք իրենցով փակում:

Աղանդավո՞ր են, ու դեպի 1717 տարեկան իրենց հարազատ, մա՜յր եկեղեցի դրանց դարձի բերելու էլ հե՞չ հույս չկա, ուրեմն, հակառակը, կառավարություն բերելու տեղակ, պայմաններ ստեղծիր՝ շառները քաշեն ու թողնեն-գնան, որ սրա-նրա դու՛ռ գեթ չթակեն, գեթ առողջ հոտի՛ն անկոչ-ինքնակոչ «հովիվներն» էդ խև էլ չվարակեն: Հայաստանը ոչ փորձադաշտ է, ոչ ինկուբատոր, որ շռայլություն քեզ վերապահես, դնես փորձ անես, որ փորձանք բերես: Չէ՜, քեզ չընտրեցին՝ հանուն փորձանքի, այլ քեզ ընտրեցին՝ շնորհիվ էդ զույգ կանթեղի լույսի տված հորձանքի: Էդ հորձանքն էր, որ քեզ էս ափն հանեց: Ոնց բերեց՝ նենց էլ կտանի, եթե… շա՜տ համը հանես: Էդ խենթ հեղեղի աչքին էսօր դու՝ Նիկո՜լ, վաղը՝…«պըռակո՜լ»: Էդ հեղեղի համար Նիկո՛լդ անգամ հե՜չ նշանակություն չունի: Էդ հեղեղի համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց ու Մաշտոցից բացի ուրիշ ո՛չ մի բան, ո՛չ մի նենգ ձկնորս հենց էդ հեղեղից պղտորված ջրում ո՛չ մի նշանակություն ա՛յ էսքան իսկ չունի: Եթե հասկացար, ուրեմն՝ ա՛մեն:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ