Հուլիսի 14-ին Գնդեվանքի տարածքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժն արգելափակելու դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննության առարկա են դարձվել դեպքի վերաբերյալ համացանցում առկա տեսանյութերը:

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան աշխատակիցներին՝ միջոցներ ձեռնարկել դեպքի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, գործի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ այս դեպքի մասին խոսել էր նաև վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ: Նա նշել էր, որ այդքան էլ տպավորված չէ ոստիկանների կատարած աշխատանքով, ինչին էլ հաջորդեց քննչական կոմիտեի վերոնշյալ հայտարարությունը: