Սերժին, որին մերժին, մի հատ կացարան են ոնց որ վերջապես ուզում տրամադրել: Գինը, հե՜չ, համարյա մեկ միլիարդ դրամ (907 միլիոն 817 հազար դրամ կամ 2 միլիոն դոլար): Իր տրամադրության տակ մինչև մերժելն էղած 30+8 հազար քառակուսի կիլոմետրի տեղ խեղճ մարդուն ընդամենը 25 հազար 519 քառակուսի մետր (իսկ սոսկ շենք-շինությունների զբաղեցրածով՝ ընդամենը 3 հազար 128 քառակուսի մետր) տարածք են տալիս: Էդ տվողն իրեն հաշիվ տալիս է՞, թե էդ նեղվածքում էդ մարդը ո՞նց է ապրելու, ո՞նց է շարժվելու, ո՞նց է շնչելու:

Բայց կա հարցի մնացած կողմերը, որը հանրության ուշադրությունից հլա որ գաղտնի են պահում: Վերջը էդ մարդու մոտ փող թողել ե՞ն, թե՞ չէ: Եթե թողել են՝ լավ, եթե չեն թողել, ապա դրա փողն ո՞վ ու որտեղի՞ց է տալու՝ չհաշված տարեկան 27 միլիոն դրամ պահպանման ու սպասարկման ու գրեթե 12 միլիոն դրամ կազմող կոմունալ ծախսերը:

…Իսկ ամենավիրավորականն այն է, որ էդ տարածքում ընդամենը 7 հատ շենք է ու շինություն: Բա դա կհերիքի՞ իրեն: Ենթադրենք՝ մի շենքում էդ մարդը ննջեց (ցերեկվա թեթև՜, հպանցի՜կ քունը), մյուսում արդեն դրեց ու ազատ-անկաշկանդ խռմփոցը դրեց (գիշերվա քունը), երրորդում լրիվ հարբած, մի կերպ տուն բերած վիճակով քո՛ւնն իր իրականացրեց, չորրորդ շինությունում հարմարություն ստեղծեց, երբ շուտ-շուտ վազեց, երբ տկով գարեջուր խմեց, հինգերորդում շորերը, վեցերորդում՝ կոշիկները, յոթերորդում՝ շախմատի իր «ֆիգուրները» տեղավորեց՝ բացի «ձիերից», բա էդ ձիե՞րը որտեղ ինքը տեղավորի, ա՜յ անխիղճ ձիատյացներ: Իրան մերժեցիք, հիմա էլ իրա ձիե՞րն եք մերժում… Չհաշված որ էդ մարդը փաստորեն մնաց հավիտյան սոված, որովհետև որքան նայում ենք հարմարություններին, դրանցում խոհանոցի առկայություն չենք տեսնում: