Հրաժարականների շարքը, որն աննախադեպ թափ առավ իշխանափոխությունից հետո, շարունակվում է։ Երեկ ևս երկու համայնքապետեր պաշտոնը թողնելու ցանկություն են հայտնել՝ մեկը՝ Մրգաշենի, մյուսը՝ Արզնիի:

Մրգաշենի համայնքի ղեկավար Արամայիս Արամյանի հրաժարական տալու մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։ «Երեկ՝ հուլիսի 16-ին, Արամայիս Արամյանը համայնքի ավագանուն է ներկայացրել իր հրաժարականի դիմումը: Արդեն այսօր՝ հուլիսի 17-ին, համայնքի ավագանու արտահերթ նիստում ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին` օրենքով սահմանված կարգով», -գրել է Պետրոսյանը:

Արզնի համայնքի ղեկավար Վենիամին Վենիամինովի հրաժարանի մասին էլ ՀՀ Կոտայքի մարզպետարանից ենք տեղեկանում: Մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Հուլիսի 16-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել Արզնի համայնքի ղեկավար Վենիամին Վենիամինովը: Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին՝ օրենքով սահմանված կարգով: Մարզպետը սահմանված ժամկետում, համաձայն ՏԻՄ օրենքի 26 և 27 հոդվածների, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն»: