Հանուն խորվաթների Մոսկվան
կրակի տալն իմաստ չուներ
Ինչ վերաբերում է ֆրանսիացիներին, նրանք առաջնություն էին եկել ֆավորիտի կարգավիճակով ու հասան իրենց ուզածին: Պիտի այստեղ պատշաճը մատուցենք նրանց ընտրանու գլխավորին՝ Դիդիե Դեշամին, ով կարողացել էր հաղթողների թիմ ստեղծել, հասնել օղակների այնպիսի համագործակցության, որտեղ ամեն մեկն արեց իրենից կախված առավելագույնը՝ այդպես էլ անորոշության մեջ թողնելով ֆուտբոլային հանրությանն այն հարցում, թե հատկապես ո՛ր օղակին տաս գերապատվությունը:

Դիդիե Դեշամը Ռուսաստան էր բերել ֆուտբոլային աշխարհում լավ էլ անուն ունեցող անհատներ, սակայն կարողացել էր հասնել նրան, որ այդ անհատականությունները նախ և առաջ ներկայանում էին որպես մեկ միասնական թիմ, համույթ, ապա նոր որպես վառ անհատականություն: Հանուն ճշմարտության պիտի խոստովանել, որ հարկ եղած դեպքում տանը մնացած ֆուտբոլիստներից Դեշամը կարող էր գրեթե նույն հզորության երկրորդ թիմ էլ կազմել, սակայն ձեռքի տակ աստղեր ունենալը քիչ է, ու այս առաջնությունը դրա առարկայական դասը մեկ հավաքականի օրինակով չէ, որ տվեց:

Այս հաղթանակով ֆրանսիացիները կրկնեցին 1998 թվականի առաջնության հաջողությունն ու դարձան աշխարհի կրկնակի չեմպիոններ: Ի միջի այլոց դա նրանք կարող էին անել ավելի վաղ, սակայն այդ հանգուցային եզրափակչում ֆուտբոլի աստվածուհին նրանց չժպտաց: Ի դեպ՝ Եվրոպայի 2016-ի առաջնությունն էլ նրանց համար եղավ լուրջ փորձություն, սակայն աշխարհամասի գլխավոր եզրափակիչն այն ժամանակ եղավ եվրոպական բրազիլացիներինը՝ պորտուգալացիներինը, ու ֆրանսիացիների երիտասարդ թիմը պիտի սպասեր իր աստեղային ժամին:

Մի նուրբ հանգամանք էլ կուզենայինք ընթերցողի դատին հանձնած լինել՝ վստահելով իրողությունները երկշերտ ընկալելու նրա մտքի կարողությանը (բազմաշերտի մասին լռենք՝ այն քիչ թվով մարդկանց է վերապահված): 1812 թվականի նապոլեոնյան արշավանքն աչքի տակ ունենալով՝ պիտի որ Ռուսաստանը չլիներ ֆրանսիացիների հաղթավայրը, սակայն եկեք չմոռանանք, որ այս ճակատամարտում նրանց մրցակիցները ռուսները չէին, իսկ հանուն խորվաթների Մոսկվան կրակի տալը կլիներ մի այլ կարգի թիթիզություն, թեպետ դա Պուտին ձյաձյան էլ անել թույլ չէր տա (ի տարբերություն ֆելդմարշալ Միխաիլ Կուտուզովի, Վլադիմիր Պուտինը, գիտեք, որ երկու աչք ունի), որքան էլ Մաքրոնը փորձում է իր երազների մեջ Ռուսաստանի լիդերի հետ ոտք գցել, երևալ Պուտինին հավասար տղա:

Այո, ֆրանսիացիները դարձան աշխարհի կրկնակի չեմպիոն ու ցույց տվեցին, թե չեմպիոնական թիմն ինչ պարամետրերի է կոչված համապատասխանելու: Թե դրանից ով ինչ դաս կքաղի՝ կերևա արդեն 2022 թվին, Կատարում, որն էլ ռուսներից վերցրեց աշխարհի հերթական առաջնությունը կազմակերպելու էստաֆետը: Հարկավ կարելի է խոսել կատարյան սպասվելիք առաջնության յուրահատկություններից, բայց թե որ հիմիկվանից խոսենք, բա 2022 թվին ի՞նչ ենք անելու: Այնպես որ, ժողովուրդ ջան, թող ասելիքներս քիչ լինի, բայց լինի, լինելուց էլ տեղին լինի:

Սակայն, ինչպես գիտեք, աշխարհի առաջնությունը հո միայն հաղթող թիմով չէ: Այն ավելի քաղցրացնելու համար կազմակերպիչները բավականին բաներ են մոգոնել, որոնք պակաս հետաքրքրական չեն: Այսպես՝ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց ու «Ոսկե գնդակի» տեր դարձավ խորվաթ Լուկա Մոդրիչը (արծաթե գնդակը հանձնվել է բելգիացի Էդեն Ազարին, բրոնզե գնդակը՝ ֆրանսիացի Անտուան Գրիզմանին): Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը շնորհվել է Կիլիան Մբապեին: Մունդիալի լավագույն դարպասապահ է ճանաչվել բելգիացի Տիբո Կուրտուան, իսկ լավագույն ռմբարկուն (վեց գոլով) անգլիացի Հարի Քեյնն է: Մի բան էլ հիշատակենք: Դիդիե Դեշամը Ֆրանց Բեքենբաուերից ու Մարիո Զագալոյից հետո դարձավ երրորդը, ով աշխարհի չեմպիոն է եղել թե ֆուտբոլիստի, թե մարզչի որակում:

                                                                                                                    Մարտին Հուրիխանյան